Որոնել

пятница, 15 июня 2018 г.

Գագիկ Սարոյան."Երբ իմացավ"

Գագիկ Սարոյան (1962)




1
Երբ իմացավ,
Որ իմ տրտմությունը վարակիչ է,
Ասեց` ես արցունքներ ունեմ
Նրան հարմար...


2

Երբ իմացավ,
Որ երբեմն խմում եմ,
Ասեց` խմելուց հետո
Իմ ուսը հոտոտիր...


3

Երբ իմացավ,
Որ հեռվից էլ են սիրում,
Ասեց` գիտեմ...


4
Երբ իմացավ,
Որ կարոտից փշրվում եմ,
Ասեց` բեկոր-բեկոր
Իմ սրտի մեջ են քո փշուրները։


5
Երբ իմացավ,
Որ սովորական կնոջից
Փախչում եմ խուճապահար,
Ասեց`իմ մարմինը
Քո վերջին խրամատն է,
Նահանջի'ր խիզախաբար...


6
Երբ իմացավ,
Որ մի կարապ կա ճերմակ,
Ասեց` ինչ լա~վն է
Մեր կարապը,
Թող թևով մեզ քսվի...


7
Երբ իմացավ,
Որ արտասվում եմ երբեմն,
Չծիծաղեց.
Ասեց` կիրակիներից ձևված
Թաշկինակներ ունեմ...


8
Երբ իմացավ,
Որ ցանկանում եմ ճմռել
Իր ողկույզները սիրո,
Ասեց` ճմռի'ր, չի' ցավելու...


9
Երբ իմացավ,
Որ ճաղատ եմ,
Ասեց` բեր համբուրեմ։
(Իսկը անեկդոտ)...


10
Երբ իմացավ,
Որ թափառական եմ,
Եվ շրջում եմ սարերով,
Ձորերով, երկինքներով,
Ասեց` քանի՞ զույգ գուլպա դնեմ
Մախաղի մեջ,
Որ մեզ հերիքի...


11
Երբ իմացավ,
Որ սիրում եմ իր պատկերը,
Մորեգույն շրթներկ քսեց
Իր ժպիտին...


12
Երբ իմացավ,
Որ տաղիկներին
Արյունով եմ սնում,
Ասեց` եթե գլխապտույտ ունես,
Ես էլ եմ դոնոր...


13
Երբ իմացավ,
Որ հոգնած եմ,
Ասեց` պառկիր, ծածկեմ
Գորգանախշ թիկնոցով։


14

Երբ իմացավ,
Որ սոված եմ մնացել
Իր կարոտից,
Ասեց` քոռանամ ես,
Ես խոհարար` սերս` սոված...


15
Երբ իմացավ,
Որ սիրտս ճեղքված է,
Իսկ դեմքս` ծուռ,
Ասեց` մի խոր ձորով
Ավելի սիրուն է մոլորակը ծուռ...


16
Երբ իմացավ,
Որ սիրում եմ երգող կանանց,
Օտար քաղաքի ցուրտ փողոցում
Սկսեց երգել։
Ո'վ ասես, չզարմացավ
Այն հեռուներում,
Էլ ու՞ր մնաց, ես` էսքան մոտիկ...


17
Երբ իմացավ,
Որ չեմ սիրում
Կնոջ մեջ աճող անիմաստ փուշը,
Ձև արեց, թե ծաղկում է։
Ինքը ձևեր թափեց,
Բայց սրտիցս
Յոթ պուտ արյուն կաթեց քարերին։
Մեր մեջ ասած`
Հետո, տեղը տեղին փոշմանեց...


18
Երբ իմացավ,
Որ ծառերը սոսափում են նաև
Գիշերվա իմ խորքից,
Ասեց` կարոտից է։
Գիտեի, որ խելացի է,
Անգամ դեմքը դեռ չտեսած...


19
Երբ իմացավ,
Որ խելացի կինը
Բուրում է, վարդի պես,
Ուրախացավ։
Ե'ս էլ...


20
Երբ իմացավ,
Որ չեմ կարող իրեն չսիրել`
Երևի ապշեց։


21
Երբ իմացավ,
Որ իրեն գտնելու համար եմ դեռ ողջ,
Այնքան երկար լռեց,
Որ մտածեցի`
Գուցե իզու՞ր եմ ասել...


22
Երբ իմացավ,
Որ իմ պայծառ գլուխը
Իր ծնկներին եմ թողել,
Ասեց` ետ չե'մ տալու։
Ասեցի` ոնց կուզես`
Դո'ւ, քո սիրեկա'նը...


23
Երբ իմացավ,
Որ ամաչում եմ
Իրեն անվերջ խանգարելուց,
Ասեց` ամո'թ քեզ, հա'...


24
Երբ իմացավ,
Որ սերը տագնապ էլ է բերում,
Ասեց` ինչ ուզում է, թող լինի,
Ասեց` դու հո չե՞ս վախենում,
Ասեցի`ո'չ, բնա'վ, իսկի',իսպա'ռ,
Չէ',- ասեցի...


25
Երբ իմացավ,
Որ ինքը գտել է ինձ,
Որ չկորցնի իրեն`
Կարկամեց։
Ե'ս էլ...


26
Երբ իմացավ,
Որ հենց այնպե'ս չի տրվում առավոտը,
Ասեց` սե'րն է վճարը...


27
Երբ իմացավ,
Որ տատիկ է դառնալու,
Ինձ չմոռացավ...


28
Երբ իմացավ,
Որ հույսը ծաղիկ է,
Աչքը մնաց սրտիս ջրերին,
Որ իր համար են
Արդեն կարկաչում...


29
Երբ իմացավ,
Որ իմ ցնորքները
Վարգում են եղջերուների պես,
Ասեց` ես Արտեմի'սն եմ`
Որսորդուհի'ն թրթիռների...


30
Երբ իմացավ,
Որ զմայլվում եմ իրենով,
Ավելի գեղեցկացավ,
Ասենք, ինչպես լու~յսը...


31
Երբ իմացավ,
Որ ամեն ինչ հրամանով է կարապի,
Ասեց` մեռնե~մ նրա
Սիրուց ճերմակած թևերին...


32
Երբ իմացավ,
Որ խենթանում եմ զուլալ ապրումից,
-Գրկի'ր ինձ,- ասեց,-
Քո պինդ ձեռքերով,
Ավելի պինդ,
Քան երկինքն է գրկում
Իր թռչուններին...


33

Երբ իմացավ,
Որ վշտացած եմ,
Գլուխը դրեց ուսիս`
Կնոջ պես,
Քրոջ պես,
Աղջկա պես,
Մոր պես...


34
Երբ իմացավ,
Որ չեմ կշտանում իր տեսքից,
Ծաղկեց ծիրանենու պես։
Անհունորե~ն ծաղկեց...


35
Երբ իմացավ,
Որ սերը կիրակի է,
Ասեց` ինչ լա~վ եղավ,
Որ սիրեցիր ինձ,
Թե չէ, մենակ էի սիրելու`
Մնացած դատարկ օրերում,
Ու անվե'րջ, էլի', սիրելո'ւ էի...


36
Երբ իմացավ,
Որ երբեմն գնում եմ
Իմ գետին տեսության,
Որ դիտեմ հոսքը ժամանակի,
Ասեց` շա~տ սիրիր ինձ,
Երբեք երես չեմ առնի,
Չվախենա'ս,
Թող շողա' ալիքը խիզախորեն,
Ժամանակից դուրս ցատկող
Սիրաձուկը` ցոլա'...


37

Երբ իմացավ,
Որ իր հին տան մոտով եմ անցնելու,
Խնդրեց, որ լուսանկարեմ,
Պատկերը իրեն ուղարկեմ։
Ասեց` ուզում եմ,
Որ իմ որբ մանկության տունը
Իր պատուհան աչքերով քեզ տեսնի։
Եթե նա' էլ քեզ հավանեց,
Ուրեմն, սիրտս ինձ չի' խաբել...


38
Երբ իմացավ,
Որ գտել եմ
Դեպի իր սիրտը տանող
Ճանապարհը,
Ասեց` ինչ լա~վ է`
Զգուշորե'ն եկար,
Չտրորեցի'ր ոչ մի ծաղիկ...


39
Երբ իմացավ,
Որ ոմանք ( մի երկու կին)
Դեռ սիրում են ինձ,
Ցնծաց։Ասեց` ա~խ ինչ լա~վ է,
Թող սերը շա'տ լինի։
Թող սիրո մե'ջ մնանք,
Չէ՞ որ, երկուսով ենք
Նույն ապրումը ապրում`
Նույն համատեղ հոգին...


























40
Երբ իմացավ,
Որ ճնշում ունեմ,
Խոտաբույսերով բուժող
Մի բժշկի հասցե տվեց,
Եվ հանձնարարեց,
Որ գնամ ու բուժվեմ։
(Չգնացի, իհարկե,
Դե, ժամանակ չկար),
Հիմա էնքան է հարցնում`
Ո՞նց ես, սե~րս,
Որ ճնշումս ելնում,
Հասնում է երկինք։
Ախր ինչու՞ է մոռանում,
Որ ի'նքն է իմ բժշկուհին`
Երկրի վրա...


41
Երբ իմացավ,
Որ մարդիկ երբեմն մեռնում են էլ,
Ասեց` ես չեմ մեռնի
Քո մահից հետո.
Ես կմնամ,
Որ քեզ շարունակեմ սիրել
Այս աշխարհում...


42
Երբ իմացավ,
Որ մարդիկ երբեմն մեռնում են էլ,
Ասեց` ես եմ քեզ դիմավորելու
Թրթիռներից այն կողմ,
Չվհատվես...


43
Երբ իմացավ,
Որ հույսը հույս է բերում,
Խանդաղատանքով փլվեց հոգուս խոտերին,
Եվ հարավային մի տաք քամի
Թիթեռի պես իջավ
Նրա չքնաղ արցունքներին...


44
Երբ իմացավ,
Որ գիտեմ,
Թե ինչպես է բուրում իր խելքը,
Ամաչեց. ասեց`
Հոնենին է ծաղկել անտառում...


45
Երբ իմացավ,
Որ գնում եմ, որ գտնեմ,
Ասեց` գտել ես արդեն.
Մի՞թե ե'ս չեմ քո որոնածը։
Ասեցի`ծաղիկ եմ փնտրում
Դեղին ցոլքով,
Որ ամրացնես մազերիդ`
Շատ կսազի...


46
Երբ իմացավ,
Որ մնալու եմ ընդմիշտ,
Իր նիզակներն ինձ տվեց,
Ասեց` ե'ս եմ ինձ
Պաշտպանել կյանքում,
Քե'զ համար,
Հիմա էլ, դու' պաշտպանիր...


47

Երբ իմացավ,
Որ ժամանակը կապ չունի
Ժամացույցների հետ ,(լավ էլ գիտեր),
Ասեց` 17 -ն անց 17,
Մենք նույն բանն ասացինք,
Թող ժամանակը չմոռանա
Իր զավակներին,
Նույնատրոփ սրտերով ապրողներին...


48
Երբ իմացավ,
Որ թռչունները զարդարում են երկինքը,
Ասեց` քո տաղիկների'ն էլ
Բաց թող։
Ասեցի` թող դեռ մի քի'չ էլ
Քո երկնքում ճախրեն...


49
Երբ իմացավ,
Որ ահեղ մարտեր են լինելու,
Ասեց` կսպասեմ,
Եվ չեմ արտասվի...


50
Երբ իմացավ,
Որ գետեր կան,
Իսկ նրանց ափերին`
Դատարկ տներ,
Ասեց` իմացի'ր նրանց գինը...


51
Երբ իմացավ,
Որ սովոր եմ զրկանքին,
Տխրեց,
Դարձավ անձրևի տակ թրջված կակաչ։
Չպիտի' ասեի...


52
Երբ իմացավ,
Որ կարելի է նաև
Երջանիկ լինել,
Հարցրեց` չլինե՞նք...


53
Երբ իմացավ,
Որ հոգին ծուլանում է` նաև,
Ասեց` դաշտերը ծաղկել են վառ,
Գնա'նք հիանալու.. 


54
Երբ իմացավ,
Որ շշուկները ծնվում են նաև սիրուց,
Ասեց` նաև փսփսոցից...


55
Երբ իմացավ,
Որ պատրաստ եմ
Խեղդվել իր խորքերում,
Ասեց` չվախենա'ս,
Ե'ս եմ քո ազատարարը,
Բռնվի'ր հոգուս փրկօղակից,
Եվ լողա'...


56
Երբ իմացավ,
Որ հենց այնպե'ս չեն գտնում իրար,
Երկինքներին նայեց`
Ճերմակ թռչունին էր որոնում,
Որ կուտը տա աղոթքի,
Եվ ջուրը դնի գոհության...


57
Երբ իմացավ,
Որ ներշնչում է ինձ,
Պսպղաց պայծառ
Աղջնակի պես,
Ում ժապավենի հետ
Զեփյուռը խաղում,
Եվ չի կշտանում...


58

Երբ իմացավ,
Որ չեմ մոռացել,
Որ ինքը լուսատտիկ է,
Ասեց`
Կանաչ անտառի գիշերներում եմ
Կայծկլտում,
Եվ քո գրկում միայն,,,


59
Երբ իմացավ,
Որ երա'զ կա,
Որ սուր ածելիով
Կտրու'մ է հույսի երազները
Երակ առ երակ,
Կծկվեց, մտավ քուչիս տակ,
Ասեց` էլ չեմ քնի առանց քեզ...


60

Երբ իմացավ,
Որ չեմ ուզում մոլորվել,
Մութ ձորորում
Եվ անտառներում խավար,
Ասեց` քանդիր շապիկիդ կոճակները.
Քո սրտում մլմլում է
Իմ սրտի լլապտերը,
Ասեց` եկ իմ ձայնի ուղղությամբ,
Ասեց`ոչ ա'ջ նայիր,ոչ`ձա'խ,
Ասեց` արի ուղի~ղ, ուղիղ.
Ես այստեղ եմ`
Շեմին եմ բերկրանքի...


61
Երբ իմացավ,
Որ թերթիկ առ թերթիկ
Բացելու եմ իր վարդե հոգին`
Զմայլվեց,
Բայց մի պուճուր ժպիտ`
Զատիկի պես խլվլաց բերանի անկյունում.
Քմծիծաղիկ էր` իր խորքերի
Շատ հեռուներից։
Ինքն է'լ ծանոթ չէր նրան։
Ինքն է'լ զարմացավ...


62
Երբ իմացավ,
Որ հոնենին ծաղկել է անտառում,
Իսկ ինքը ցուրտ ձմեռվա մեջ է,
Ասեց` համբուրիր ծառերին
Քո և էկրանների աչքերով,
Թող ե'ս էլ հոտոտեմ քո համբույրը...


63

Երբ իմացավ,
Որ աղոթքը ճանապարհ է,
(Ամենակարճը), և ազնիվ,
Ասեց` իրար հետ գնանք,
Մեզ սպասում է սերը...


64
Երբ իմացավ,
Որ մարդու իրական հասցեն
Հոգին է, և ո'չ թե տունը` ինչ որ տեղ,
Ասեց` մեր հասցեն
Սիրո փողոցի վրա է,
Առաջին հոգին (Այսինքն` տունը),
Տան դիմաց էլ,
Մի բարդի է խշխշում,
Որ անցորդները չմոլորվեն գիշերներում... 


65
Երբ իմացավ,
Որ զմրուխտը նաև քար է,
Նայեց սրտիս խորքերին, և...
Ասեց`ուրեմն հարկավոր է ջրել
Սիրո ցնցուղներով...


66
Երբ իմացավ,
Որ տարածությունը մեր միջև
Լի է թրթիռներով,
Սիրտը տեղն ընկավ,
Ասեց` գիտեի~, շատ ես հեռու...
Տե'ս... հիմա գրկել եմ թրթիռը,
Եվ համբուրում եմ շուրթերը սրտիդ...


67
Երբ իմացավ,
Որ խաբկանք է ինչ որ բան,
Գրկեց իրակա'ն ապրումի ծաղիկը,
Եվ հոտոտե'ց...


68

Երբ իմացավ,
Որ իր ալեկոծումը
Նույն թռչունն է ծովի,
Երազեց մայրամուտի տաք ավազը,
Եվ փշրվեց կոհակ -կոհակ,
Իմ մարմնի ափերին.. 


69

Երբ իմացավ,
Որ ուշ չէ` երջանիկ լինել,
Երջանկացավ...




Комментариев нет:

Отправить комментарий