Որոնել

пятница, 22 июня 2018 г.

Գայանե Մկրտչյան. "Արևագալին" գրքից

Գայանե Մկրտչյան (1972 Երևան)






















Ուշ չի լինում,
Երբ կա մենություն,
Ուր բոլոր ուշացումներն արդեն ձեռնասուն են,
Ու զոհաբերության քարին դեռ պսպղում է
Մորթված սիրո երգը:

Ուշ չի լինում,
Երբ կա սկիզբ,
Երբ զրնգում է բա՜րձր, սոպրա՜նո,
Եվ հովտաշուշանի կախարդական բույրն ունի:

Ուշ չի լինում,
Երբ կա կապույտ թռչուն,
Որի փետուրները ծլում են ճիշտ այնտեղ,
Որտեղ ՙհիմա»-ն բոլոր արվեստներից կատարյալն է...

***

Քարերը սուզվում են
կուլ տված բառերի պես,
ու ծովի վրա կիսաժպիտներ են փայլփլում
ձկների տեսքով:

Որքա՜ն գայթակղիչ են 
փրփրաբաշ ալիքները,
բայց ես տեսել եմ՝
ծածանվող վարագույրը
մենության մեջ է վայելում
իր փեշի պարը...

***

Ne me quitte pas
Ինձ մի լքիր

Երազով տարված մի կապույտ թռչուն
Մենավոր կաղնու ճյուղերին դիպավ...
Երկուսին ծանոթ մի երգ էր հնչում.
ՙՆը մը քիթը պա...
Նը մը քիթը պա...»

Դու՝ բառերից դուրս, ես՝ դրանց ներսում:
Ինձ ներիր իմ նեղ, իմ ծուռտիկ ճամփա:
Այն ո՞վ էր երգով անհույս աղերսում.
ՙՆը մը քիթը պա...
Նը մը քիթը պա...»

Որոնող աչքեր, որոնող շուրթեր,
Ծարավի դիմաց՝ անխոս անապատ...
Երգը քամում է արցունքի շիթեր.
ՙՆը մը քիթը պա...
Նը մը քիթը պա...»

***

Ուզում եմ թևիցդ կախված ճոճվել
(գիտեմ, որ կպահես)
ու թվա, թե լուսնից եմ կախվել,
ու թվա, թե չեմ վախենում ընկնելուց...

Ծեր ծառերը մենություն են խշշում...

Ես լուսնից եմ կախվել,
ճոճվում եմ արցունքի ու ժպիտի միջև,
ճոճվում եմ ու...ժամանակ չունեմ
ծերանալու...

***
























Մազերը կտրել է.
հիմա
գունաթափ ստեղներն են միայն
հիշում եղածը...
Հիշում, չեն խոսում,
Հիշում, չեն կարոտում:
Նախանձե՜լի խաղաղ հիշողություն:

Իսկ ու՞մ է պետք
կարճ մազերով աղջիկը,
եթե նա միայն երկինք է որոնում
ու մոռացել է երկրի վրա սայթաքելու
անխուսափելիության մասին:
Ա՜յ քեզ անպաշտպան մոռացում...

***

Լարերս բեկվել, ցավակալել են,
տաղս չի հնչում,
Ինչպես գլուխը թևի տակ պահած
բնավեր թռչուն:

Արնահոսում են բառերս ներսից
ու իրար խեղդում,
Խռովքս լուռ է... Օդում չափից շատ
գանգատ է վխտում:

Թող ամեն առու իր հունով հոսի.
իրենն է կամքը,
Եվ իր հայելում պահի երկնքի
արտացոլանքը:

Միայն թե կեղտոտ ձեռքերով հանկարծ
չծեծեն դուռս,
Անհատույց տալու համար են բացվում
սիրտս ու բուռս:

Կոտրված սայլի անիվից կրկին
ղեկ եմ սարքելու,
Լռի՛ր, լեշակե՛ր,արևագալին
ես եմ երգելու:

***

Իրիկնամուտի զովը
նրբորեն շոյում է
մանուշակի թերթիկներն
ու խանդավառ պատմում
ահռելի ալիքների վրա երանությամբ ճոճվող
թղթե նավակի 
առասպելը...

Այդպես ես նայում ինձ:




















***
Կծիկ է բազմերանգ՝
միջուկը՝ բանալի,
մի շունչ, հազար պտույտ
ու կապ անխզելի՝
հուսախաբման ճիչով,
ճիգով ծիլ-հավատի
ու ծուլորեն բացվող
աչքով առավոտի:
Մեն-միակի փափագ,
սեթևեթող քամի
ու պակասող համբույր՝
այն՝ քո սիրած համի...
Երկմտանքի ալիք,
հասնող-փրկող խոսքեր,
փշոտ ճանապարհին՝
անփուշ հոգու ցոլքեր...

***

Նկարի առաջ

Լռությունը գույներ ունի՝
կարմիր, կապույտ, դեղին,
Երկխոսություն երկնքի հետ
ու խոնարհում հողին...
Հանդիպումի քաղցր հույզեր,
անջատումի թախիծ,
Մենավորի խիզախումներ
ու կաշկանդում վախից...
Թռիչքներից հյուսված սիրերգ,
անկումային դադար,
Ներշնչանքից արբած խազեր
ու վաղորդյան արար...
Որոնումի արահետներ,
իմաստության նոր հունդ...
Գունախաղի զարկերի հետ
հույսի վերածնունդ...

***

Մենք ակամա հանցագործներ դարձանք.
Դու իմ սիրտն ես փշրել, ես՝ ուրիշի...
Ասենք թե մի ձմեռ քնով անցանք,
Ինչպե՞ս ապրել առանց սիրո ուժի:

Ինչպե՞ս չզգալ խայտանքը բողբոջի
Ու չծփալ, չվարարել ներում,
Չխենթանալ գարնան խելառ կանչից,
Չնվաղել գգվանքների ծեսում:

Իբրև երկու դահիճ-սիրասպաններ՝
Ենթարկվելով խուլ-համրության վճռին,
Աքսորվեցինք հեռու մենաստաններ,
Բայց կամովի, խոհեմությամբ լռին:

Ոչ խնդության ծնծղա ենք զարկելու,
Ոչ սգերգի հնչյուններից հուզվենք,
Դարձել ենք կողպեքներ անբանալի,
Էլ ի՞նչ կախարդանքով պիտի բացվենք...

***






















Հորինվածի մեջ վերադարձի հույս
ու խոստումներ կան,
Ինքնակիզումից վնասված թևը
փրկելու հնար:
Ողջամտության կեղևը պատռած
այն մոլորակում
Գուցե երազի կորիզը ծլեր
ու երազ մնար...

Հին պահարանի ճռռացող դռան
բացուխուփի պես
Տվեցիր-առար, առար-տվեցիր
ընդունված կարգով,
Մինչ մայրամուտի դողը փսփսաց՝
դու պիտի արբես,
Որ չկործանվի մոռացման վիհում
մոլորակը քո...

***
Քեզ համար խնձոր էի բերել:
Թողեցի նստարանին:
Ճնճղուկները կշտացան,
սերմն էլ ընկավ հողի մեջ:

Խնձորենու ճյուղերը ծանրացել,
կախվել են:
Ի՜նչ բերքատու էր չգալդ...

***

- Ի՞նչ եղավ էն աղջիկը,-
կանհանգստանան ծաղիկները,-
որքա՜ն էր մեզ սիրում:

Ես կժպտամ մի հեռու, հեռավոր
ամպի թիկունքից
ու քնքուշ կաթիլներով 
սեր կանձրևեմ...

***























Կվստահեմ գարնան
հոգենորոգ ուժին
ու նամակիս համար
կընտրեմ կանաչ բացիկ:

Մաշող կարոտների
աննախատինք ցավի
երանգ կա աչքերիս
ժպտուն գաղտնարանում:

Դու որսացիր անտես
կապույտը հայացքիս,
ի՞նչպես չսավառնեմ՝
գունեղ, հազարաթև...

Արի երեք խնձոր 
հենց մենք նետենք երկինք,
ու հավատանք, որ վերջ
չունի հեքիաթը մեր...

***

Եվ քո հարցին, թե
Որտեղի՞ց եկա,
Պիտի ասեմ, որ
Կողքիդ եմ եղել
Մի հազար տարի.
Երգել եմ այգին
Պատուհանիդ տակ,
Մազերդ խառնել
Շվվոցով հովի-
Չէիր նկատում:
Ինձ գտար միայն 
Հոգու աչքերով,
Ու թափանցիկ է 
Աշխարհը հիմա՝
Մի հսկա՜ կաթիլ:
Թափանցիկ եմ ես
Ու աներևույթ
Շատերի համար,
Իսկ դու նայում ես 
Լայն բացված հոգով
Ու տեսնում իմ մեջ
Կաթիլը զուլալ
Եվ ինձ՝ կաթիլում
Տիեզերաչափ...

***

Աշունը կտրող ձյան նման արի՝
Աներեսի պես, աղետի կրքով,
Պարսատիկներիս տարափի ներքո,
Աշունը կտրող ձյան նման արի:

Վանկատող ցրտից սիրտս կմարի,
Որքան էլ բուժեմ դաղձի թրմուկով:
Աշունը կտրող ձյան նման արի՝
Աներեսի պես, աղետի կրքով:














Комментариев нет:

Отправить комментарий