Որոնել

воскресенье, 10 июня 2018 г.

Արտակ Համբարձումյան. բանաստեղծություններ

Արտակ Համբարձումյան (1969-2001)



























Իմ աչքերին դեռ կիջնեն քո թարթիչներն արցունքոտ, 
Ե՛վ կարոտներդ մարող, և՛ կորուստներդ անդարձ, 
Բայց իմ հոգին աշխարհիդ գիշերներում անձրևոտ 
Կհեռանա քո տնից ու չի գտնի վերադարձ: 
Ես կպատմեմ քո մասին օտարներին, ծառերին, 
Եվ քո կյանքով աշխարհի չոր աչքերը կթրջեմ, 
Հետո տանջող կարոտից`եկող, անցնող դարերին 
Կտամ հոգիս ու դժբախտ`գինետան մոտ կշրջեմ: 
...Ահա տեսնում եմ մահը հանճարափայլ անցորդի 
Եվ սիրելի ես անչափ գիշերավախ սիրո պես, 
Բայց անզոր են շուրթերդ մեղմել ցավը կոկորդիս, 
Ու զարկերակը խղճիս, որ տրոփում է այսպես... 
Ախր, ասա՛, ի՞նչ անեմ, ո՞րն է ճիշտը ու բարին, 
Ինչպե՞ս բերեմ քո ցավին երազային, քաղցր քուն, 
Ի՞նչ տանջանքով կաշառեմ անսիրտ, անսեր աշխարհին, 
Որ քեզ պահ տա իմ սրտին, իսկ իմ կյանքը` քո հոգուն:

***

Ատում եմ սիրտս, որ աշնան կեսօրին
Հեռացավ իմ հոգուց ու քեզ սիրեց,
Որ թողեց իր տեղում ցավն անքուն ծովերի
Ու եկավ, ափերիդ ծվարեց:
Ատում եմ աչքերս, որ մթնում փակվեցին
Ու կարմիր խավարում քո շուրթերը տեսան,
Որ ինձնից գողունի` քնիս մեջ բացվեցին
Եվ ինձ կույր թողնելով` քե՛զ հասան:
Ատում եմ ունկերս, որ աղմուկից սառած`
Ջերմացան քո փխրուն շշուկների հովից,
Որ սրտիս, աչքերիս հետքերով ինձ տարան
Ու ամբո՜ղջ մի գիշեր չէին ելնում ծովից:
Ատում եմ շուրթերս, որ աղոթքից հետո
Քո անունը հանկարծ մրմնջացին դալուկ
Ու շարեցին նորից այն խոսքերը հերթով,
Որ միշտ պիտի հիշեմ քո անունը տալուց:
Իմ քայլերն եմ ատում, որ տունդարձի պահին
Թափառական մարմինս չբերին տուն,
Որ վայր բերին հոգիս հպարտության գահից,
Ու ես քո դռան դեմ երգում էի անքուն:
Ատում եմ ձեռքերս, որ լքելով հոգիս`
Մի օր թավ մազերիդ ու քեզ պիտի տիրեն,
Որ առանց քեզ, անուժ պիտի կախվեն կողքիս
Ու երգերիս աստղը քեզ նվիրեն:


***

Իսկ աշունը եկավ:
Ասում էիր` չի գա,
Ասում էիր` հինը էլ չի վերադառնա,
Ասում էիր` Արտա՛կ, իմ գույները վկա,
Ասո՛ւմ էիր, ասո՛ւմ...
Իսկ աշունը եկավ,
Եկավ գաղտագողի,
Պատուհանից մտնող սիրահարի նման,
Բայց դռները բաց էր, հեկեկում էր ուռին,
Եվ դռները բաց են մինչև հիմա:
Հիմա հավատո՞ւմ ես երազներին, ասա՛,
Ախ, հա՜, չե՜ս հավատում, չե՛ս հավատում, գիտե՛մ,
Իսկ ես այն երեկո...
Իսկ ես այն երեկո մի նոր երազ տեսա.
Այն երեկո հեռու անապատում
Վարդեր էին աճել, կապո՜ւյտ, կապո՜ւյտ խոտեր,
Ու ես պոկում էի, որ աչքերդ զուգեմ,
Մեկ էլ մի ձայն հասավ, որ իմ կյանքը սուգ է:
Թե ինչ փորձեմ անել,
Թե ինչքան էլ անեմ,
Վարդերն իմ ձեռքերի
Մե՛ջ են թառամելու,
Մեկ էլ ձայնն այդ ասաց, որ ես, դեռ պատանի,
Մի լճակ էլ չանցած,
Իմ պապերի պապից շուտ եմ զառամելու...
Ու երազս անցա՜վ ...
Ու ես գլխի ընկա,
Որ քեզ մոտեցել եմ,
Որովհետև արդեն անչափ մոտիկ էի,
Ես քեզ մոտեցել եմ, որ քե՛զ չմոտենամ,
Մոտեցել եմ նաև, որ դո՛ւ չմոտենաս,
Մոտեցել եմ, որ քո «կեղևն ադամանդյա»
Չփշրվի գետնին,
Որ դու իմ աչքերին հակինթներով նայես,
Իսկ ես քո աչքերին հրաժարվեմ նայել,
Ու քեզ նայեմ կողքից, որ ինձ չըերևաս,
Ու ինչքան էլ նայեմ`
Նո՛ր երևաս`
Անտիկ քանդակների ամբողջության նման:


***

Թարթիչներս կախել գարեջրի մուժում,
Մեղավոր եմ դարձել բախտի մեղքից,
Ես աշխարհի ձեռքից ուրիշ ձեռք եմ հիշում,
Ուրիշ երգ եմ հիշում ուրիշ վերքից:
Չապրած իմ օրերը գրավ դրել կյանքին,
Արդեն տարիներիս ծուխն եմ քաշում,
Ինձնով ապրածները կուրացել են փառքից
Ու աչքերիս առաջ ինձ չեն հիշում:
Այս աշխարհի վրա ես չգտա հանգիստ,
Ես չգտա բախտիս ոսկե դուռը,
Իմ նավակն այս կյանքում չուներ նավահանգիստ,
Դրա համար սիրտս այսպես լուռ է:
Ու ոչ իմ պես, սակայն լուռ է դարն էլ,
Թեև գարեջրից դեռ չի հարբել,
Երբ ծնվեցինք, մեր տունն ա՛յս աշխարհն էր,
Կարևոր չէ ինչպես, պետք է ապրել:
Պետք է դաժանախեղդ ու մազապուրծ երգով,
Թեկուզ մահվան համար ժամեր հաշվել,
Եվ աշխարհում` չքնաղ ու զարդարված մեղքով
Չհասկացված հաղթել ու ետ քաշվել...
Թարթիչներս կախել գարեջրի մուժում,
Մեղավոր եմ դարձել բախտի մեղքից,
Ես աշխարհի ձեռքից ուրիշ ձեռք եմ հիշում,
Ուրիշ երգ եմ հիշում ուրիշ վերքից:





























***

Ես գիտեմ` ինչ-որ մեկն ինձ համար
Հավաքում է մութը ձեռքերով,
Գիշերը, ուր աստղերն իջնում են
Ու լցնում իմ գրած երգերով:
Ես գիտեմ` ինչ-որ մեկն աչքերից 
Ցավիս կաթիլներն է գլորում,
Փռել է հոգիս ամպերին
Ու խաղաղ շշուկով օրորում է:
Ինչ-որ մեկն աքաղաղի կանչը
Լսում է ողջ աշխարհից առաջ,
Ու սրբում է փոշին մութի քուլաներից`
Հորիզոնից ծնվող լուսաբացի առաջ:
Ինչ-որ մեկն ինձ համար աղոթում է,
Ինձ գրկած` դեպի մահ է վազում,
Բայց փախչո՛ւմ է մահը, ու երդումս
Հնչում է նրա երազում:


***

Աշնանային

Պատուհանից այն կողմ դեղնագլուխ մի ծառ` սև երակներ դեմքին,
Անցյալ տարին վաղուց հնացել է արդեն ու հնացել,
Մի անշշուկ մշուշ, որ հուշեր է պատմում աշնան տխուր երգին,
Ու հեռավոր մի սեր, ու հրաշք է, որ դեռ չի հեռացել:
Այս աշունն էլ այսպես, դեռ չսկսված օր է ու պատմություն,
Ճակատագիրն ահա առաջինն է դնում գլուխն իր թևերին,
Մնացյալը նույնն է, աշնանային գույն է ու տխրություն,
Ու մրմունջ է դեղին` երակներից ընկնող տերևների:
Դե ինչ, արդեն անսեր ու անտրտունջ կեսով արևն էլ է գալիս,
Լուսամուտից հեռու` դեղնափշուր աշխարհ և մազապուրծ մի սեր,
Բայց արևն էլ, սերն էլ աշնան առասպելին տխրություն են տալիս,
Իսկ սպասող սրտին` ամեն տարի բերած ու ետ տարած հույսեր:


***

Ես ծնվել եմ մենա՛կ, ես ապրել եմ մենա՛կ, գիշերն էր իմ կյանքը,
Թե մենակ էլ մեռնեմ, մի ողջ աշխարհ ինձ հետ կմահանա անհետ, 
Թույլ չեմ եղել բնավ, ու ինչքան էլ թույլ էր իմ չարչարված կամքը,
Ես ապրել եմ բաժա՛ն իմ ցավերից դաժան,
Ես ապրել եմ մարդկա՛նց ցավերի հետ:




























***

Սիրելի՜, աննշմա՜ր իմ էակ,
Իմ տխո՜ւր, իմ դժնի՜ առասպել,
Սիրելի՜, աննշմա՜ր իմ էակ, 
Իմ կոտրած ապակու վարագույր...,
Քո սիրո ցավերից անուշ ցավ,
Քո սիրո քնքշանքից լույս քնքշանք
Չի ապրել իմ հոգին դեռ անթաղ:
Եվ ինչպես չգտա քեզ կյանքում,
Եվ ինչպես մնացի անտարբեր,
Ցավով ու վախով եմ ես զգում`
Եղել եմ, ա՜խ, անսիրտ, անհամբեր:
Սիրելի՜, աննշմա՜ր իմ էակ,
Իմ տխո՜ւր, իմ դժնի՜ առասպել,
Իմ անամպ օրերում դու միակ,
Իմ միա՜կ երազն ես դու եղել...


***


Ես կգնամ: Ես քեզ... նույնիսկ չեմ էլ ասի մնաս բարով,
Խոնավ մի անցուղում կընտրեմ բախտիս մռայլ ու հերթական ուղին,
Իսկ դու չփոշմանես, երբ աչքերիդ առաջ հանճարները խռով,

Ափսոսանքով անդարձ ինձ ու իմ երգերը կնվիրեն հողին:
Գնա՛, անէացի՛ր և չփորձե՛ս նորից անունս տալ,
Վերադարձիր այնտե՛ղ, որտեղ երկրի վրա չկան իմ երգերը,
Ա՜խ, դու ների՛ր, ների՛ր, որ ես էլ չեմ ուզում քեզ հավատալ,
Քանզի շատերն անցան, բայց չամոքեց ոչ ոք իմ վերքերը:

***
Դու այդպես էլ ինձ հետ չխոսեցիր,
Չպատմեցիր կյանքիդ հեքիաթը սև,
Արյանս մեջ ընկար, սակայն չհոսեցիր,
Բայց սիրտս ինձ ասաց, որ դու տեղ ես հասել:
Վերհիշեցի մի պահ քո զարդարված դեմքը,
Ուր թախիծն էր քսվում մեռնող թռչնի թևով,
Չհասկացված, խաբված` ինձ չշոյեց ձեռքդ,
Ես հեռացա... բայց ոչ սովորական ձևով:
Ինձ հետ վերցրի հոգիդ և դագաղը հոգուդ,
Չցանկացա արդեն իմ ուզածին հասնել,
Եվ դառնաղի հույսով` մռայլ ու անօգուտ,
Քեզ կամեցա հավերժ չսանրված տեսնել:
Ցանկացա քեզ տեսնել անզարդ ու անարև`
Նման իրիկնային թափվող տերևների,
Դու փայլեցիր` իբրև աշնան անփայլ տերև,
Եվ բարձրացար... ներքև... վերևներից:
Եվ այդպես էլ ինձ հետ չխոսեցիր,
Ես հասկացա կյանքիդ հեքիաթը սև,
Իմ կորցրածը գտա, սակայն ափսոսացի...
Ինձ խաբել էր սիրտս, թե դու տեղ ես հասել:

***

Երբ քնքուշ, բայց տխուր իջնում է ամռան պերճ գիշերը,
Երբ հեռվում մայր է մտնում արևը՝ սև ամպեր ուսին,
Տառապած իմ հոգին տեսնում է իր գալիք հուշերը,
Ուր փառքիս գահի մոտ երգում են Խայամն ու Ֆիրդուսին:
Ուր անթիվ կարապներ են լողում արծաթե ու ոսկե ջրերում՝
Շպրտելով իրենց փետուրները կաթե՝ մութ պատմության դարին,
Եվ խորին ցասումով Շեքսպիրյան թափորն ընծաներ է բերում
Բոլորից շատ խաչված, տառապանքից սերված ի՛մ հանճարին:
Ես խոնարհվում եմ երկար, որ… չտեսնեն նրանք արցունքն իմ աչքերի,
Որ գոյացել են ազգիս կարոտախտի անջուր վտակների խորքից,
Բայց հրեշտակ դարձած՝ ցած է իջնում տխուր ոգին իմ երգերի,
Ու լսվում են փառքի անձայն աղաղակներ հանճարների զորքից:
Ես խոնարհաբար քայլում եմ անհայտ սմբակների թողած արահետով,
Եվ աշխարհի լանջին իմ պատկերն են վրձնում Պիկասոն ու Դալին,
Բայց ես հեռանում եմ թափառական հոգով ու կարոտով
Ու սրբելով աչքս՝ նվիրվում եմ կյանքի Տիրակալին:

***
Քարե վարդ

Երբ նորից խաղաղվեն արշալույսներն այստեղ,
Երբ դեղին քամիները քարանան ու մարեն,
Թիթեռների վայրի գեղեցկությամբ անտեր
Երկնքում փոշոտված ծիածաններ պարեն,
Երբ կաթեն ամպերից հոշոտված նարինջներ
Ու ծածկեն մոտեցող ամեն մի ծառուղի,
Օ՜, գիտե՜մ, այրելով թղթեր ու կամուրջներ`
Դու կիջնես շիրիմիս, իմ քարե’ թագուհի:
Երբ հեռվում սյունազարդ սրահներում քարե
Եբենոսյան արկղում գտնեն իմ անունը,
Երբ զնգան գավաթներ ու ձայներ հանճարեղ,
Եվ պյուռոսյան երթում չորացած արյունս
Ավետի հիշատակս հերոսատառ գրով,
Երբ հանձնեն սգաշուք ձեռքերիդ իմ սուրը
Ու հարց տան` եղե՞լ է պոետն այս բարբարոս,
Երբ հատել է մտքի պատյանն ու բարուրը:
Երբ մի օր հեռանան ոսկեօր դարերը
Թռչունների սառած ու թևաշար երթով,
Լեգենդներից կաճեն քարե ալ վարդերը
Ու երբ ծածկեն հողն իմ անուշահոտ շերտով,
Երբ չես լինի այնժամ, երբ չի լինի ո’չ ոք,
Երբ կշարվեն աստղերն աշխարհաշուրջ շողին,
Քարե ափսոսանքից`լուսե ու անողոք,
Կայրվես շիրմիս կանգնած, քարե’ իմ թագուհի:
Երբ նորից խաղաղվեն օրերն ու ջրերը,
Երբ կապույտ աշխարհում պտտվի իմ ուղին,
Դու կզգաս, որ քոնն են այս ձեռքերն ու սերը,
Եվ դու ես իմ հողի շիրմաքար քրմուհին:
Թե այնժամ քեզ թվա աշխարհն այս ատելի,
Երբ քո դեմ իմ ցասման տեսիլքները պարեն,
Չանիծես, չխղճաս, և դարձած անթերի`
Շշունջներ կխառնես աղոթքներիս քարե:
***


















***

Վերջին անգամ այսօր ես դուրս կգամ փողոց, 
Կբարևեմ մարդկանց օտար ու անծանոթ,
Ու մեղքերիս գնման ավելացած փողով
Ես կմտնեմ վշտի ու կարոտի խանութ:
Այնտեղ կվերհիշեմ անցած կյանքիս գիրքը,
Կսոնսնձեմ էջերն արցունքներից պոկված,
Եվ ծղոտից հյուսված զամբյուղներով լիքը
Դուրս կտանեմ երգիս հատորները փրկված:
Վերջին անգամ այսօր ես դուրս կգամ փողոց,
Կթախանձեմ պարտված, որ աշխարհն ինձ ների,
Որ ես իմ երգերը չե՜մ վաճառում փողով,
Որովհետեև թանկ է գինն իմ երգերի:

***

Մի ծառ էր ու մի թախիծ`
Լճակի դեմքին ընկած,
Եվ տխո՜ւր, տխո՜ւր աշխարհ` արծաթե խոտերի մեջ,
Դու լճից ելար վախո՜վ,
Ես լճից ելա թրջվա՜ծ
Եվ տեսա մի առասպել` ոսկեծալ փլվածքով պերճ:
Ու հետո խոտերն աչքիս
Բերեցին բացված մի տուփ,
Այտերիս կարմիր քարեր, երկնային ամպեր եկան,
Դու էիր ու մի հրաշք`
Մալախիտ մի զարդատուփ
Եվ պատա՜ռ-պատա՜ռ կյանքի կրակներ` լճին հանգած:
Իսկ տուփը դարձավ մթնած
Բեմական փառքի սրահ,
Ու հեռու մի վարագույր շղարշեց մարմինդ մուգ,
Քո մասին պատմում էի`
Ասելով, որ ես նրան
Իմ ցավից հեռու տարա, որ տամ նոր արցունք ու սուգ:
Մի ծառ էր ու մի թախիծ`
Կտավիս հոգում փռված.
Մի մաքուր աղջիկ չոքել, ջրվեժի լացն էր զուգում,
Մի կարմիր կաթիլ արյուն
Իջնում էր` հունից ծռված.
Մի բյուրեղ կաթիլ արցունք աշխարհի մահն էր սգում:

***
Դու եկար այն ճիշտ ժամանակին,
Երբ լացող մանկան մայրն է գալիս,
Դու եկար առանց երկմտանքի
Եվ ամեն անգամ նվիրվելիս
Դու ինձ տվեցիր մի կասկածանք,
Որով հիվանդին հույս են տալիս,
Որով սենյակի մթնում կքված`
Ծխող տանտերն է գնում, գալիս
Եվ սպասում է իր աղջկան...
Դու այն ճիշտ պահին ինձ մոտ եկար,
Ինչպես սրտերին հույսն է գալիս,
Ինչպես կանացի մարմինն օտար
Գրկիցդ պրծնում, խույս է տալիս,
Հեռվում կանգնում է, ժպտում երկար
Եվ... վերստին է գիրկդ գալիս:
Դու ինձ մոտ լացի նման եկար,
Լացի պես տխուր, լացից անհույս.
Սրտիցս արյունն աչքիս եկավ,
Բայց արցունք թափվեց աչքիցս դուրս:

***
Ես կքայլեմ նորից տարիների ճամփով,
Ու երկնքի սիրուց` հին տենչանքի,
Առանց արցունքների, արդեն անմեղ կյանքով
Կորոնեմ դռներ նոր տանջանքի:
Ես կգնա՛մ, բայց ո՛չ երերուն ու հարբած,
Իմ նվիրյալ ճամփով, մինչև Դուռը,
Սրտիս` իմ տարերքի առասպելը պահած,
Պահած վերջին սիրո լուռ համբույրը:
Եվ չի լինի ուրիշ երանելի մի սեր,
Ուրիշ խեղդող կարոտ ու փառք անգին,
Ես կգնամ չապրա՛ծ... ու սիրո մեջ` անսեր,
Նույն աչքերի առաջ կաղոթի իմ հոգին:
Կխլանա մի ձայն ու չլսված մի բառ,
Մի քարացած երազ կանցնի հավետ,
Այն, ինչ իմն էր երեկ, վաղը կեղծ ու խաղաղ,
Ինձ կզոհի, որ ես հաշտվեմ բոլորի հետ:
Մահճակալս մահվան կողողեն ցավից
Աչքեր խեղճ, վշտահար ու հին վարդեր,
Բոլորն ինձ կսիրեն` իբրև նոր անցածի,
Բայց կսիրեն անպետք սիրով արդեն:

***
Ու արտասվե՜լ, ու արտասվե՜լ մազերիդ մեջ,
Մարգարիտներ լցնել այտիդ փոսիկներին,
Ուղղել երկար զգեստներիդ փեշերը պերճ
Եվ վայելել սոսափյունը սոսիների:
Նկարե՜լ քեզ, քո հայացքի կաթի՛լն ամեն՝
Լուսավորված մեռելային մոմի լույսով,
Ջրվեժներից կապույտ վարդի թերթեր հանել՝
Նվիրելո՜ւ… նվիրվելու երկչոտ հույսով:
Քեզ նվիրել փափկությունը երազների,
Ձյան մեջ թաղված ելակների գույնի նման,
Քեզ նկարել սավաններին ու թասերին՝
Հնադարյա՜ն, չնաշխարհի՜կ ու աննմա՜ն…

***
Լիներ հեռու մի տուն, մի ոսկեդուռ մատուռ
Մի երկնամերձ լեռան թաց ու փարթամ լանջին,
Ելներ իմ երկիրը, չընկներ էլ դռնեդուռ,
Ձայն տար ոսկե լեռան աքաղաղի կանչին:
Ես ոսկետան առաջ երազանքներ պահած,
Հոգիս փռած գորգին, արծաթ լճի կողքին,
Քեզ տեսնեի, երկի՛ր՝ խունկ ու աստղեր վառած,
Եվ քո ձեռքին պայթեր իմ կարոտած հոգին:



Комментариев нет:

Отправить комментарий