Որոնել

суббота, 23 июня 2018 г.

Սաթեն Վարդանյան. Անմարսելի և աններելի

Սաթեն Վարդանյան (1992 Երևան)






















5
Ծառերից թափվող մրգաջրերից հյուսիր հարսնաքողն իմ,
և աղոթիր աչքերիս հրանոթներում, Տեր`
մեղմելով աղմուկը սրտի, որ պատերազմող այր է`
ոտքերին անտառահոտ հրեշտակներ, ովքեր չեն կրում երկաթե շապիկ.
և յոթերորդ օրը շեփորիր արևի փողով, Տեր, որովհետև Նա կգա,
և կփնտրի սերը ծիրանատեսիլ` հիշեցնելով, որ դյուցազունները
կարող են սիրել միայն մեկ անգամ…

Թևերիդ տակ կծկված յոթ կարապները երբեք չեն երգում, Տեր,
և սադափե փետուրներով անշշունջ ճողփում են դրախտի լիճը,
որտեղ եղեգների վրա ոստոստում են ֆոսֆորաշող կաթիլները լուսացոլքի`
զարդարելով վերադարձի մակույկները բոլոր, ճաք տված պատը հիշողության,
երջանկության օրոցքը` բերնեբերան լցված կաթով, բանաստեղծությունը` չծնված.
և ամեն օր սերը լռում է` գլխաշորով թափանցիկ` հավատալով, որ դյուցազնը
կարող է սիրել միայն մեկ անգամ…

Անձրևից հետո սարքիր փունջը աստղակուտակ ծիածանի,
և ուղեկցիր ինձ յոթ լեռնագետերով բոլորված տունն իմ, ուր Նա է`
ձեռքերի մեջ մանուշակներ ալպյան, թիկունքին` հավերժության կրակ,
կոպերի մագաղաթներին երեքնուկներ դեղին, պարանոցին` զարկերակը սպասումի,
որտեղ թռվռացող համբույրներ կան, Տեր, և սեր կա կրակված,
և այդ ամենը Դու բոլորից լավ գիտես, որովհետև դյուցազնը, ում կերտել ես`
կարող է սիրել միայն մեկ անգամ…



Комментариев нет:

Отправить комментарий