Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան. բանաստեղծություններ

Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան (1952)














Սև ծով
Այսքա՜ն դատարկ նստարան
և այնքա՜ն մոլորված թռչուն...

Ինչո՞ւ տուն չես դառնում:

Գիշերներ հեռավոր,
նավեր ահավոր,
տագնապ արևելյան աղավնիների
և ակներիդ մեջ 
խտացումը սարսափի:

Այսքան կիլոմետր տարածությունը
հարկադի՞ր է,
թե՞ հույս կա
այս անպատսպար գիշերներում,
այն անտես երկրի աղոտ լույսը
բարի արեգակի վերածվի:

Այսքա՜ն դատարկ նստարան
և այնքա՜ն մոլորված թռչուն...

Ինչո՞ւ տուն չես դառնում:

«Գուցե ապաստան տանող ուղի գտնվի»:
«Գուցե նավահանգիստ գտնվի»:
Այս է ասում հայացքը քո
և այն մոլորված թռչուններինը,
որ մատղաշ աղավնիների հայացքին հառած
անտես նավահանգստի հանդիպման հետ էին հույս կապել:

Հեռավոր ջրերում սուզված նավն ու
մտացիր, մոլեգնած, սևաթույր ալիքները
քեզ
ու այն թևաթափ թռչուններին
ո՞ւր են տանում:

Այսքա՜ն դատարկ նստարան
և այնքա՜ն մայրական գգվանք...
Մի բաժակ ջուր
և այն երկու նվաղ յոթանասունամյաները,
որ դռան շեմին
կարոտած ու մտահոգ
ձեզ ճամփելու համար էին կանգնած...
Ղուրան ու ջուր ու հայելի,
ու թռչուններ մոլորված,
որ այս տնից բաժին ունեին,
ու թռչուններ թևաթափ,
որ էլ երբեք
տուն չեն դառնա:


***

Այսքան անձրևելով հանդերձ

Այսքան անձրևելով հանդերձ
դեռ ոչինչ չի պատահել
ու այն կորած բույսը դեռ
ետևիցս չի եկել:

Այսքան անձրևելով հանդերձ
հուշերի ու երազների դաշտը դեռ
ծիածանի ոչ մի երանգ չի տեսել
ու տարիների կավե առաստաղից
այս կաթկթող ճրագից դեռ
ինձ լույս չի հասել:

Այսքան անձրևելով հանդերձ
այլիմաստ զարդարանքը
բառերի ուսերից չի թոթափվել
ու դեռ ոչ մի երգ
անկոշիկ ու անձրևանոց
փողոց չի իջել:

Այսքան անձրևելով հանդերձ
միջնակարգի դասագրքերին
աստղ ու խնձորի համ ու հոտից
բաժին չի հասել
ու երկնագույն երգեր ասող հայրերը
արևաշատ ցորենի արտ չեն մտել:

Այսքան անձրևելով հանդերձ
սիրո հանդիպումից
ու հայելուց
ու ցողից
դեռ ոչ մի լուր չի լսվել
թերթերի արճճե էջերում
դալար ծիլերին
քաջության ու պատասխանի առիթ
չի ընծայվել:

Այսքան անձրևելով հանդերձ
այս պատուհանը բաց է մնացել
ու մոլորված թռչունը տուն չի դարձել:

Այսքան անձրևելով հանդերձ
միայն դու գիտես
և այս պատուհանը
և այն կորած թռչունը
և հնամաշ կավե առաստաղը
այսքան անձրևելով հանդերձ:

























***

ԶԻԲԱ

Զիբա,
հույզն ամպամած է,
հեզահոգի հայացք ընծայիր,
թող արեգակնագետը
մաքրի անձկությունս:

Զիբա,
սերը
դեռ ակներիդ շուրջն է սավառնում,
հայացքդ մի փախցրու,
ձեռքս բռնիր ու շրջիր բարության նրբանցքներով,
սովորեցրու ինձ երգել այնպես,
որ սերը թարգմանվի բոլոր սրտերում,
սովորեցրու ինձ նայել այնպես,
որ սիրո թունդ փոթորկից
չդողդողա փխրությունը քո:

Զիբա,
այնպես եմ սիրահարված՝
խոնարհվում եմ Մեջնունի առաջ,
այնպես եմ սիրահարված՝
մի շնչով կերգեմ եղեգնուտը,
այնպես եմ սիրահարված՝
պոեզիա է ամեն շունչս:

Զիբա,
ակներդ` պոեզիա,
ակներդ պոետ են,
նրանց պոեմի որսորդն եմ ես:

Զիբա...
Զիբա, հույզիս կողքին նստիր,
նստիր
ու ինձ նստեցրու սոնետի ափին,
նստեցրու ինձ պատկերում սիրո,
նստեցրու ինձ պատկերում թոնի,
նստեցրու ինձ պատկերում գարունքի -
ես կկանաչեմ:

Զիբա,
խոսքերիդ աստղաբույլը
սիրո լուռ պահերին
թափիր ինձ վրա,
տեղա ինձ վրա, որ ծաղկեմ գարնան պես...
Քոնն էին հայացքը և սերը,
պտտեցրու ինձ այս ծիրի շուրջը:

Զիբա...
Զիբա, սրտիս խոսքը սա է՝
սերը քո անվամբ սկսեցի,
սիրո որ շրջանում որ է՛ս,
մեկնարկիր ինձ...

* Զիբա - Գեղեցիկ, նաև կնոջ անուն է


Թարգմանությունը՝ Էդիկ Պօղոսեանի

Комментариев нет:

Отправить комментарий