Որոնել

суббота, 30 июня 2018 г.

Լեռ Կամսար. «Միայնակը» գրքից

Լեռ Կամսար (1888-1965)

















Վանուհի Թովմասյան
Հատված "Միայնակը" գրքի առաջաբանից

Միայնակի մեկ տարին՝ 1961 թվականը
Լեռ Կամսարը՝ հայ գրականության այդ միայնակը, որքան որ լիաթոք ծիծաղեցրեց իր ազգին, նույնքան էլ դառնաղի լաց եղավ ողջ կյանքում:

Սպասում

1960 թվականի վերջին գիշերը Լեռ Կամսար-Արամ պապս խռովահույզ սպասումով, Նոր տարվա բաղձալի ակնկալիքով անկողին մտավ. տեսնես ի՞նչ կբերի իր հետ եկող տարին: Հավակնոտ չլինելով՝ արդեն քիչ թե շատ բավարարված էր. մեկ տարի առաջ վերջապես լույս էր տեսել «Գրաբար մարդիկ» գիրքը : Ճիշտ է, շատ ջանք պահանջվեց իրենից, մինչև Հայաստանի կառավարությունից ստացավ հրատարակվելու թույլտվություն : Դա հնարավոր եղավ միայն, երբ բողոք-դիմումներ հղեց Միկոյանին , Մալենկովին և Բուլգանինին : Մոսկվան, հավանաբար, արտոնել էր վերականգնել Կամսարի գրական իրավունքները: Հայրենի Պետհրատն էլ, ապահովության համար, խորհրդային ավելի վաղ շրջանում հրատարակված գրքերից մի հատորյակ կազմեց և տպագրեց: Բայց նրա վերադարձը չեղավ նույնքան շռնդալից, որքան գրական նորամուտը՝ Վանում, աստեղային ժամը՝ Առաջին Հանրապետությունում, կամ բուռն հաջողությունը՝ 1921 թվականին Թեհրանից վերադառնալուց հետո։ Խորհրդային գրաքննադատությունը գրեթե լուռ անցավ այդ գրքի կողքով: Բայց գիրքն իր գործն արել էր՝ ընթերցողները վերագտել էին իրենց սիրելի հեղինակին, հատորյակը, օվկիանոսն անցնելով, հասել էր Սփյուռքի հայությանը, և Բոստոնից մի գրականագետ որոշել էր այցելել երգիծաբանին և գրել նրա մասին: Այդ էր պատճառը, որ գրողն անհամբեր սպասում էր 61 թվականի մոտալուտ գալստյանը, որը նրան հանդիպում էր խոստանում «Ծիրանի գոտի» հանդեսի գրական խմբագիր Սիմեոն Կյուլոյի հետ, ինչը կարող էր մեծ շրջադարձ անել իր գրական կյանքում: Եթե մինչ այդ նա մերժում էր ձեռագրերը գաղտնի Արևմուտք անցկացնելու և տպագրելու՝ Սփյուռքի բոլոր հորդորները, ապա Կյուլոյի դեպքում նա տեղի էր տվել:
Այդ գիշեր Ձմեռ պապի հեքիաթի ակնկալիքով անհամբեր էի նաև ես…

Նոր տարվա նվերը

Առավոտյան, երբ աչքերս բացեցի, երանությամբ ձեռքս սլլացրի բարձիս տակ: Ձեռքս ոչինչ չշոշափեց… Մեծ ընտանիքի հոգսերի մեջ խեղդված մայրս «դատարկ բաներով» զբաղվելու ժամանակ չէր գտել: Էլի շոշափեցի, չհավատացի, բարձս բարձրացրի՝ դարձյալ ոչինչ: Ուրեմն, այս տարին իմը չէր. Ձմեռ պապն ինձ մոռացել էր…
Տնեցիք չէին կարողանում հանդարտեցնել դառը հեկեկոցս… Ես մերժված, անտեսված ու մոռացված էի…
Հայրս, իբր աննկատ, սեղանից երկու «Ծիծեռնակ» կոնֆետ թռցրեց ու աճպարարի պես ձեռքը մտցրեց բարձիս տակ՝ հայտարարելով.
- Լավ չէիր փնտրել, բալի՛կ ջան, տե՛ս, ահա՛ Ձմեռ պապի նվերը:
Դա ինձ վերջնականապես հուսահատեցրեց: Հեքիաթս փլուզվեց, գոլորշացավ. գեղեցիկ սուտը բիրտ ճշմարտության ճիրաններում մերկացավ իր շինծու պաճուճանքից… «Հեքիաթներ չկան, ամեն ինչ հնարովի է», - հասկացա ես…
Այսպես, կամաց-կամաց ճանաչում և բացահայտում էի կյանքը, երբ փոստատարը դուռը թակեց և ամանորյա բարեմաղթանքից հետո Արամ պապիս հանձնեց տոնական «Երևան» թերթը:
- Վայ-լո՜, վայ-լո՜, Վանուհի ջան, հերիք լաց լինես, արի ես քեզ համար թերթ կարդամ, տես ի՜նչ լավ նկարներ կան մեջը, - ասաց պապս՝ ակնոցը դնելով:
Եվս մի քանի րոպե, և արդեն սփոփիչ խոսքեր ու մխիթարանք ոչ թե ինձ էին հարկավոր, այլ անչափ սիրելի Լեռ Կամսար պապիս…
Թերթը թռուցիկ աչքի անցկացնելով՝ առաջինը կանգ առավ Գուրգեն Մահարու «Նոր տարվա բառարանի» վրա, որովհետև, եթե կա Մահարի, էլ ի՞նչ ուրիշ հոդված…
Քարացավ, աչքերին չհավատաց: Իր հայրենակից, իր աշակերտ, շատ սիրելի ու գնահատելի Մահարին Նոր տարվա օրը ցերեկով, երբ մարդիկ իրար սեր ու գորովանք են շռայլում, գութ ու կարեկցանք հայտնում, համայն հայության առջև «գլխին փուլ էր ածել» իր ամբողջ գրական վաստակը:
Սևով սպիտակի վրա գրված էր. «Լեռ կամ սար. – պատահել է, որ մուկ է ծնել»:
Հարված էր մեջքից… Մռայլվեց, հոգում էլի խարխլվեց ինչ-որ բան:
- Եվ դո՞ւ, Բրուտո՜ս… Եվ դո՛ւ, Բրուտո՛ս, - հազիվ շշնջաց նա:
Բայց Արամ պապիս տառապանքը կոփվել էր տարիների հորձանուտում: Էությամբ սպիտակ ագռավ լինելով, հաճախ էր հարվածներ ստացել գրչակից եղբայրներից: Սրդողած վեր ելավ աթոռից, մի քանի քայլ արեց սենյակում, ձեռքերը տաքացրեց նավթի վառարանի վրա, ապա մտասույզ ձգվեց դեպի գրասեղանը: Մահարին և «Երևան» թերթի խմբագրությունը պատասխան ունեին տալու… 

Լեռ Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը












***
Լեռ Կամսար 
«Միայնակը» գրքից

«Եթե հանրակառքում դեմդ նստած է նորմալ աչքերով մի կին, որի աչքերի երկու բիբերն էլ ուղղված են քեզ, հայացքներովդ դու նրանից սեր խնդրիր՝ ինչպես կարգն է, բայց շատ մի՛ պնդիր: Երբ առաջին հայացքիդ մերժում ստացար, նա քեզ համար հավետ կորած է: Այսպիսի կանայք անողոք են լինում:
Եթե սկսնակ սիրահար ես, փնտրիր ավելի շատ շիլ կանայք: 
Նրանց հետ գործ բռնելը երկու անգամ ավելի հուսալի է, քան նորմալ աչք ունեցողների:
Նրանց երկու աչքերը ներհակ են իրար, ինչպես դաշնակն ու բոլշևիկը: Երբ մի աչքը քեզ մերժի, մյուսն՝ առաջինի ինատու, ինքը քեզ սեր կառաջարկի: Իսկ եթե կարողանաս տիրապետել նրա երկու աչքերին էլ, ավելի լավ. այն ժամանակ դու մի անձի մեջ երկու սիրահար կունենաս:
Հետո էլ, շիլ կնոջ առավելությունը շարունակվում է նրանով, որ երբ այնուհետև առանձնանաք որևէ անտառում, ձեզ հետապնդողը ոչ աջից կարող է մոտենալ, ոչ ձախից՝ առանց նկատվելու…»:

***
Բաց նամակ Գուրգեն Մահարուն

Հարգելի՛ ընկեր,

Դուք սույն թվի հունվարի մեկին, բաժանելով իրարից իմ «Լեռ Կամսար» գրական անվան «Լեռը», ստիպել եք, որ ձեզ համար «մուկ» ծնի «Երևան» թերթում:
Մի «մուկ», որ գալիս է երկրի երեսից սրբելու իմ հիսնամյա ողջ գրական վաստակը:
Պարզ է, որ Դուք ինձ վրա կրակել եք «դում-դում» գնդակով . միայն պարզ չէ, թե հրացանը կրակվել է անզգուշությա՞ն հետևանքով, թե՝ հատուկ ճակատիս նշան եք բռնել:
Ես հակված եմ ընդունելու առաջին տարբերակը, որովհետև չգիտեք, թե որպես գրողի՝ Դուք ինչպե՜ս եք հարգում ինձ, ինչպե՜ս փառաբանում…
Երախտապարտ եմ Ձեզ և չեմ կարող մոռանալ մինչև այս տարվա հունվարի մեկն արած լավությունները:
Հիշո՞ւմ եք, նախանցյալ տարի, երբ «Ոզնու» խմբագրությունը կարճատև ընդհատումից հետո ինձ նորից աշխատակցության կանչեց, Դուք, չկարողանալով զսպել ուրախությունը, վեր կացաք ու մի նամակով շնորհակալություն հայտնեցիք խմբագրությանը, շնորհավորեցիք արարքը, քաջալերեցիք, հրահանգեցիք շուտ տպել, շատ տպել և այլն, և այլն:
Պարզ է, որ նման ուրախություն միայն հաճելի ու արժեքավոր բաների նկատմամբ կունենան: Ո՞վ է տեսել, որ խելքը գլխին մարդն ուրախանա… մկների վրա:
Չեմ մոռանա Ձեր այն ոգևորումը, որ Դուք ցուցաբերում էիք իմ «Գրաբար մարդիկը» լույս տեսնելուց շատ առաջ:
Դուք զորահավաք էիք հայտարարել բոլոր գովասանական բառերի և կազմ ու պատրաստ պահում էիք, որ գիրքս լույս տեսնելուն պես՝ թափեք գլխին:
Իսկ երբ ես Ձեզ զգուշացնում էի, թե մեր մամուլը իմ մասին զգուշանում է գովասանք տպելուց, Դուք ասացիք.
- Ո՛չ, հիմա իմ դիրքն այնպես է, որ ինչ գրեմ՝ կտպեն:
Չեմ մոռանա այն օրը, երբ Դուք նվիրեցիք ինձ Ձեր գիրքը, վրան գրված հարգանքի ու մեծարանքի այնպիսի վերամբարձ խոսքեր, որ ներկայիս ամաչում եմ կրկնել՝ չվիրավորելու համար իմ համեստությունը:
Ես Մոսկվայից, Ձեր եղբայր Խորեն Ռադիոյից ստացած ունեմ մի նամակ, ուր ասված է, թե «իմ եղբայր Գուրգենը Ձեզ համարում է Մեծ մարդ»:
Այժմ, ասացե՛ք խնդրեմ, ընկե՛ր Մահարի, ի՞նչն ստիպեց Ձեզ, որ Դուք այսքան «մեծ մարդուց» հանկարծ մի փոքրիկ «մուկ» ծնեցնեք «Երևան» թերթում:
Հավատացնում եմ Ձեզ, որ տարիներով մկան երես չտեսած կատուն անգամ կզգուշանար այսքան «հարգելի» մարդուց «մուկ» ծնեցնել…
Հետո՝ չմոռանամ հայտնել Ձեզ նաև հետևյալը:
Դուք շատ լավ գիտեք, որ երևանյան մամուլը հանդես գալու համար ինձ հատկացրել է շատ նեղ, համարյա աննկատելի մի տեղ. այնքան նեղ, ուր անգամ «մուկ» ծնել հնարավոր չէ, ես ի՞նչ կերպ կարող եմ Ձեր ցանկությունը կատարել, եթե անգամ ցանկանամ ինքս:
Եթե ես էլ Ձեզ նման բոլոր թերթերին աշխատակցելու իրավունք ունենայի և ինչ կամենայի՝ գրեի՝ Ձեր ցանկությունը սիրով կկատարեի:
Ի՞նչ դժվար բան կլիներ այն ժամանակ Ձեզ նման ընկերոջ համար մի չնչին «մուկ» ծնելը…
Վերջացնելով նամակս՝ ասում եմ.
Ընկե՛ր Մահարի, մենք երկուսս էլ հասակավոր մարդիկ ենք, և մեր տարիքին չի սազի այլևս թերթերում մուկ ու կատու խաղալ:
Լավ չի՞ լինի, որ մեր արժանիքները հանձնենք պատմության դատաստանին: «Մուկ» ասաց՝ «մուկ» լինեմ, «կատու» ասաց՝ «կատու» լինեմ…
Որովհետև անունս «Լեռ» է՝ անպայման «մո՞ւկ» պիտի ծնեմ…
Ես շատ «լեռներ» էլ գիտեմ, որոնք մուկ չեն ծնում:
Ես վերջացրի:

Հարգանքներով՝ Լեռ Կամսար
05.01.1961թ Երևան


















***
Խոսենք նախ հույսի մասին: Թե ինչպե՞ս է ծնվում հույսը և քանի՞ տարի է ապրում՝ այդ ոչ ոք չի կարող ասել: Այն խոշոր հույսը, որ մարդկությունը դրել էր Խրուշչովի և Քենեդիի հանդիպման վրա՝ մեռավ Վիեննայում 1961 թվականի հունիսի 3-ին և 4-ին՝ ապրելով ընդամենը 15 տարի:
Այն հույսը, որ Սովետական կառավարությունը դրել էր կոլխոզի վրա, կնունքի չհասած՝ մեռավ:
Մի հույս միայն գիտեմ, որ ծնվեց, բարգավաճեց, հասակ առավ ու մեռավ 1915 թվին՝ հարյուր տարեկան հասակում՝ մազերը բամբակի նման ճերմակած: Դա այն հույսն էր, որ տարիներ շարունակ հայ ազգը դրել էր եվրոպական պետությունների վրա՝ սպասելով, որ իրեն կազատի թուրքական լծից:
Այնպես որ, դժվար է վերոհիշյալ հույսերից ելնելով՝ ճշգրիտ սահմանել հույսի տարիքը: Բայց, ընդհանրապես, կարելի է ասել՝ ամենից երկարակյաց են լինում այն հույսերը, որոնք… անհույս են:
1961թ․ 

***
Ո՜վ, Բնություն, ստեղծել ես աշխարհը՝ քո աշխարհին տեր կանգնիր: Ինչո՞ւ ես թույլ տալիս զանազան հացկատակ* աստվածների անմիտ փոփոխություն կատարել և այն սեփականացնել, հետո էլ իրար ձեռքից քաշքշել: Կարծես աղքատացած տանտեր լինես. աստվածներին ասում ես «եկեք ռեմոնտ արեք՝ մեջը նստեք»:
Իսկ ժամկե՞տը:
Միապետական երկրներում ժողովուրդը բռնի կերպով է ստրկացվում, հանրապետականներում՝ կամավոր:
Ու ժողովուրդը միշտ էլ եղել է եզ՝ սայլի հետևում կապված…
1961թ

***
Զրույց աստվածաբանական մի քանի ասպեկտների մասին

Օրերս Հռոմում տեղի ունեցավ կաթոլիկ եկեղեցու ժողովը, ուր պապը վերջապես ներում շնորհեց հրեա ազգին, Քրիստոսին սպանած լինելու համար տրված դատավճիռը չեղյալ հայտարարելով։
Օ՜հ, վերջապես։
Խեղճ ազգը երկու հազար տարվա նզովքից ազատվեց ու հիմա կարող է ազատ շունչ քաշել։
Բայց ես այն եմ զարմանում, թե այս խելացի ազգն ինչպե՞ս չմտածեց ժամանակին արդարացնել ինքզինքը և քսան դար գլխիկոր ման եկավ։
Հրեությունն արդարանալու այնքան շատ զենքեր ուներ․․․
Թվենք մի քանիսը։
Նախ և առաջ այն Աստվածը, որի որդուն սպանեցին, հրեաների Աստվածն էր։ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն էր, իսկ այդ երեքն էլ հրեաներ էին։
Քրիստոնյայի ի՞նչ գործն է միջամտել նրանց ներքին գործերին։
Փոխանակ շնորհակալ լինելու, որ հրեաներն առանց վարձքի, ձրիաբար թույլ են տվել քրիստոնյաներին իրենց Աստվածը պաշտելու՝ դեռ մի բան էլ իրե՞նք են մեղավոր։
Կամ՝ ենթադրենք սխալմամբ սպանել են մի Քրիստոսի, կորուստը խոմ անդա՞րձ չէ։ Երկրիս վրա բազմաթիվ կույսեր կան, եթե Աստված փեշերը քշտի, տարեկան տասը հատ Քրիստոս կարող է ուղարկել աշխարհ։
Հետո՝ չէ՞ որ Քրիստոսի սպանությունն առաջուց նախատեսված էր Աստծու կողմից։ Պիտի աշխարհ գար, խաչվեր, թաղվեր ու երեք օրից հարություն առներ, որ դրանով մարդկանց մեղքերին թողություն տար։ Եթե հրեաները չխաչեին, Քրիստոսը պիտի մնար, ծերանար ու իր բնական մահով մեռներ իբրև սովորական մահկանացու։
Էլ ո՞ւր կմնար քրիստոնեական հավատը։
Ուրեմն, այստեղ էլ քրիստոնյաներն ինքզինքնին երախտապարտ պիտի զգան հանդեպ հրեաների, որ սպանել են փրկչին։
Այլապես Քրիստոսը պիտի ինքնասպա՞ն լիներ, ինչ է․․․
Ինչևէ։
Երևի Հռոմի տիեզերական ժողովում այս բոլոր հանգամանքներն ի նկատ ունենալով, ներել են այդ ազգին։
Մեր խորին շնորհավորանքներն այս մասին․․․
 1965թ
*
Աքսորի տարիների ձեռագրերից՝ Լեռ Կամսարի ուսապարկից




Комментариев нет:

Отправить комментарий