Որոնել

пятница, 22 июня 2018 г.

Տանյա Հովհաննիսյան. բանաստեղծություններ

Տանյա Հովհաննիսյան (1948-1988 Գյումրի)





















Ակնթարթներ

Կարելի էր և չհանդիպել քեզ...
Բայց արևը... և երգը այս աղմկարար, չարաճճի, հրեցին ինձ դեպի քեզ, ուղարկեցին ինձ քեզ մոտ... Ես չեմ հարցնում՝ սիրո՞ւմ ես ինձ...
Ես ամուր գրկում եմ քեզ, կապում իմ թևերով թևերդ և ասում՝ ես քեզ սիրում եմ...

***
Երբ դժբախտ ես արդեն, և քեզ նվիրում են վարդեր, դրանք քեզ թվում են դիակին մատուցվող մեռելածաղիկներ:

***
Հանկարծ հիշեցի համբույրներդ ձեռքերիս ու ծնկներիս, ու ներեցի քեզ ամեն ինչ... Իսկ հետո...
Իսկ հետո զարմացա, որ շատ վաղուց էր դա, ու հիմա չկաս,- ուզեցա ետ վերցնել ներումս...


***
Ձյան տակ -
Ծառի տակ -
Անգույն մի բան կա,
Անձև, -
Հետո - երբ ես ու դու գրկում ենք իրար
Ու բարձրանում - նստում ենք
Ծառի ամենավերին ճյուղին -
Որ բոլորն են տեսնում, -
Ասում են` դա բողբոջն է,
Ասում են` ծառը բողբոջել է...


***
Եվ աչքերս թաց են,
և սիրտս` կոտրված ափսե,
և ձեռքերս` դողով բռնված,
էլ ինչպես երկարեմ դեպի արևածաղիկը,
և ոտքերս` դողով բռնված,
էլ ինչպես դուրս գամ ճանապարհ:
Որովհետև միստր ճակատագիրը
ձաղկել է մեջքս մերկ -
որպես մի ձիու մեջք մերկ -
ու դեռ պտտվում է օդում
խնդմնդալով -
դաժան ճիպոտն իր քամահրանքի -
սև, օձաձև:
Էլ ինչպես դուրս գամ ճանապարհ -
ոտքերի տակից, ծեծված ու
մեռած ու ամոթահար:
Բայց ես ահա թաքուն նայում եմ
ոչ թե ետ - այլ` առաջ,
ուր ինձ թվում է` կանգնած ես դու -
կարմիր բլուզով
ու կանչում ես - զգացումի պես կարմիր:
Եվ ես ջոկում եմ զգեստներիս մեջ ամենագեղեցիկը
ու հասկանում եմ, որ ճակատագրից անդին էլի օր կա
ու - ճանապարհ, գիր ու պարտեզ, -
ինչպես` փակ պարսպից այն կողմ
ծաղկում է պարտեղ:
Եվ ես, մերկ ու ցավոտ,
պարզում եմ մեջքս -
որ համբուրես կապտուկներս
ցավս - ճակատագրից
այն կողմ, ճակատագրից հեռու,
անդին ու դուրս:


Комментариев нет:

Отправить комментарий