Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Խուլիո Կորտասար. բանաստեղծություններ

Խուլիո Կորտասար (1914-1984)



















դու տեսե՞լ ես
դու  իսկապես տեսե՞լ ես
ձյունը, աստղը, կոպիտ ձեռքերը քամու:
Դու դիպչե՞լ ես
դու իրապես դիպչե՞լ ես
հացին, բաժակին, մազերին  կնոջ, ում սիրում էիր:
Դու զգացե՞լ ես կյանքը
որպես հարված դեմքիդ,
որպես ակնթարթ, անկում, փախուստ:
Դու գիտակցե՞լ ես,
մաշկի յուրաքանչյուր  բջիջով գիտակցե՞լ ես.
ահա աչքերը քո, ահա ձեռքերը քո,  սիրտը քո
անհրաժեշտ է հրաժարվել դրանցից
անհրաժեշտ է արտասվել դրանք

անհրաժեշտ է հորինել դրանք նորից…

***
After such pleasures 4

Այս գիշեր ես քո շուրթերն էի փնտրում ուրիշ շուրթերի մեջ
և համարյա հավատացի, որ գտել եմ քեզ,
չէ՞ որ ես` կույրս, գիտեմ` ինձ կնոջ մեջ ձգում է գետը:
Բայց ինչպիսի ձանձրույթ. հասնել ափին երազի
և հասկանալ` հաճույքը` ստրուկ է խղճուկ`
կեղծ մանրադրամ ստացած:
Մոռացվա՛ծ, սիրելի՛, ինչպես կուզեի ես,
հարություն տալ տանջանքին այն, այն հույսին անհույս`
Բուենոս Այրեսում:
Եթե կրկին սիրեի քեզ
նավահանգստի կողմը նայող իմ տանը,
եթե կրկին հանդիպեի քեզ առավոտյան սրճարանում,
և եթե ոչի՜նչ, ոչի՜նչ
դեռ պատահած չլիներ
և անհրաժեշտ չլիներ ոչինչ մոռանալ,
և ձեռքերը քո` չջնջել հիշողությունից…
թող մի բան մնա միայն` պատուհանը` դեպի անաստղ երկինք:


***

Happy New Year 5

Արդյոք շա՞տ բան եմ խնդրում.
ես կուզեի, որ քո ձեռքը`
որպես փոքրիկ գորտ, քներ իմ ափերի մեջ:
Ի՞նչ է ինձ հարկավոր: – Այս դուռը բացել,
քո աշխարհը մտնել,
փակ, կանաչ և քաղցր աշխարհը:
Այս գիշեր, երբ վերջանում է բուի միայնության տարին,
չե՞ս տա ինձ ձեռքդ.
Դու` հեռու ես…
Ես օդից կստեղծեմ քո ամեն մի մատը
և նուրբ միջուկը քո ափի,
կստեղծեմ հակառակ կողմը`
երակների հյուսվածքով երկնագույն ծառերի աշխարհը:
Կարծես թե ինձնից է կախված
գոյությունը աշխարհի,
հաջորդականությունը տարվա եղանակների,
կանչը աքաղաղի, սերը մարդկային:
Իմ ափերի մեջ եմ
ես վերցնում քո ձեռքը…


***


Ժամանակագրություն Կեսարի համար 1

Դու կկառուցես հզոր մի քաղաք:
Եվ ճանապարհները հզոր այդ քաղաքի կհասնեն
այլ քաղաքների,
այդպես ժանտախտով հիվանդ առնետները
վարակում են այլ առնետների և մարդկանց:
Ամեն շնչավոր քո քաղաքում կփառաբանի քեզ,
դու կլինես մեծարված,
գովաբանված և մեծարված,
ինքդ կսկսես արտասանել քո անունը` որպես անծանոթ`
դադարելով նկատել տարբերությունը կուռքի և մարդկանց միջև:
Հավանաբար, երջանիկ կլինես,
ինչպես ամեն տղամարդ կնոջ հետ,
ինչպես այդ քաղաքի ամեն բնակիչ
հավանաբար, գեղեցիկ կլինես,
ինչպես ամեն մի կուռք` քարե դեմքով,
ինչպես ամեն առյուծ, որ թռչում է կրակե օղակի միջով,
և կկառուցես աշտարակը,
կլինես հանդիսախաղերի արվեստի հովանավորը,
և քո անունով կկոչեն ընտանիքներում
յուրաքանչյուր յոթերորդ երեխային.
Եվ մի՞թե մանրուք չէ, որ ստվերում աճում է բորբոսը,
չէ՞ որ գործարանները իրենց ծխով երկնքում գրում են
քո անվան սկզբնատառերը:
Կավճե շրջանակը կփակվի,
և գիշերվա քարանձավներում արդեն չեն նկարվի փրկարար պատկերներ:
Այժմ և հավիտյան` դու կդառնաս գերագույն քուրմը,
իսկ առավոտյան` ինքդ քո մատուցողը:
Դու կկանգնեցնես հզոր մի քաղաք,
ինչպես մրջյուններն են կառուցում մրջնաբույնը,
և կհասնես դու մինչ Ռումինիա:
Եվ հաղթանակած զորքերի վերադարձի առիթով`
անչափ ուրախություն կլինի բոլոր գրառումներում:
Դա չի անցնի քո բնակության սահմաններից,
բայց կեսօրից մինչև կեսգիշեր
դու կկառուցես հզոր մի քաղաք,
քաղաք-սիրտ, քաղաք-հիշողություն,
քաղաք-անփառունակություն:
Մարդու քաղաքը կդառնա մարդ-քաղաք,
և կսկսեն պաշտպանել քեզ ինչ որ մարդիկ`
այլ մարդկանցից,
մթությունները` մթություններից,
շները` շներից,
երեխաները` երեխաներից,
կանայք, սակայն, նույն ձևով կքնեն
տղամարդկանց հետ,
իսկ պացիֆիստները կկոչեն խաղաղության:
Հավատում եմ, որ կմեռնես դու` հավատալով,
թե կառուցեցիր քաղաքը:
Հավատում եմ, որ դու կառուցեցիր քաղաքը:
Հավատում եմ քեզ և քաղաքին:
Իսկ այժմ, այո, ես հավատում եմ,
այժմ ես գիտեմ, որ դու կանգնեցրեցիր քաղաքը:
Ave, Cezar…

***






















Եթե պետք է ապրեմ...

Եթե պետք է ապրեմ առանց քեզ,
թող ամեն ինչ 
դառնա անհեթեթ ու տհաճ,
ճաշը` սառը, կոշիկները` ծակ, կամ էլ` կյանքի կեսին
թող գոյանա թոքախտի չոր ճյուղը, և թող ճչան ինձ անդամատված անունը քո,
հավերժ ջղաձգվեն մատները իմ,  և ոչինչ ինձ հանգիստ չբերի:

Ոչ, սա չի սովորեցնի ինձ` քեզ սիրել ավելի,
հայտնվելով, սակայն, երջանկության դռան ետևում,
ես գիտակցում եմ` դու կողքիս ես:
Գուցե հասկանում եմ ես դա, սակայն` ոչ,
թող եղյամը ծածկի դռան վերևի փայտը, և,
կանգնելով շքամուտքում, թող հասկանամ ես`
ինչ են նշանակում ճաշասենյակի լույսը, ճերմակ սփռոցները,
հոտը խռթխռթան թարմ հացի:

Ես այնքան հեռու եմ քեզանից,
ինչպես մի աչքը մյուսից,
սակայն հնարավոր է` այս բաժանումը 
ծնում է մեր նոր տեսողությունը:

***

Թախանձում եմ

Ինձ հանգիստ մի՛ տուր, ինձ մի՛ ներիր երբեք:
Հետապնդի՛ր ինձ աննահանջ, ինձ` իմ մեջ:
Մի՛ թող քնեմ, հանգիստ մի՛ տուր:
Այնժամ կնվաճեմ թագավորությունն իմ,
այնժամ լույս աշխարհ կգամ:
Մի՛ լսիր ինձ, ինչպես թեթև երաժշտությունն են լսում, 
ո՛չ քնքշանք, ո՛չ մեղմություն պետք չեն:
Ստացի՛ր ինձ, ինչպես կայծքարից կայծ են ստանում, հույսից զրկի՛ր:
Պահպանի՛ր սերը մարդկային, ժպիտը: Տո՛ւր ինձ դրանք:
Ե՛կ` սառցե քո աչքերում` զայրույթ:
Ճչա՛: Լցրու՛ կոկորդ ավազով, պատռի՛ր շուրթերս:
Եվ թող չճանաչեմ քեզ արևի լույսի տակ
բայց վստահ լինեմ` չես թաքցնի աչքերդ ո՛չ մարդկանցից, ո՛չ արևից:
Տանջի՛ր:

Եվ խնդրում եմ...

խնդրում եմ այն մասին, ինչի մասին չի խնդրում ոչ ոք. 
մինչև ոսկորներս խրիր ասեղներդ:
Պոկիր ինձնից այս դեմքը, 
ստիպիր ճչալ անունն իսկական:


















Թարգմանությունը՝  Նաիրա Համբարձումյանի

Комментариев нет:

Отправить комментарий