Որոնել

среда, 27 июня 2018 г.

Արամայիս Գարեգինյան. Աղոթքի հետ

Արամայիս Գարեգինյան (1948)












Նվիրվում է բանաստեղծ

Հենրիկ Արթենյանի հիշատակին

Ձմռան ցրտաշունչ մի օր էր, ու նրա բառերն ասես ցրտից կուչ եկած էին դուրս գալիս դեղնած շուրթերից: Որևէ մեկին հասցեագրված չէին այդ բառերը, նրանք անտուն, որբ ու միայնակ էին այս աշխարհի վրա: Գուցե ինքն իր հետ էր խոսում, կամ տեսնում և հավատում էր մեկին, որը լսում և հասկանում է այդ բառերի նշանակությունը, որոնց իմաստը գուցե և հասանելի էր մեր աչքերի համար անտեսանելի ու անշոշափելի այդ Մեկին: Քիչ գինովցած էր... Պատմում էր Աստվածային արարչագործության ու իր ապրած տխուր օրերի մասին, բայց կարծես մեզ անհասանելի դատ ու դատաստանի առջևում կանգնած, ինքն իր կյանքը պատմելիս լիներ:
...Նա հոգնած ու հալածված մի պոետ էր, և նրա վիշտն ու ցավը գուցե ողջ աշխարհինն էր... Ու քիչ գինովցած էր պոետն այս աշխարհում, իսկ այս աշխարհը նրա դալկացած մարմնում` որբացած: -Աստվածային արարման ու հանգստի յոթ օրերում է աշխարհի ու մարդկային կյանքի ողջ խորհուրդն ու գաղտնիքը... -Տեսնել, ճանաչել, չհաշտվել քաոսին տրված իրականությանն ու ասել այն բառերը, որոնցից լույս կճառագի, քաոսը կանհետանա, և խավարի վարագույրը կպատառոտվի... Եվ Աստված ասաց,- Թող լույս լինի...Եվ լույս եղավ, քանզի հույսով հավատով ու սիրով էին ասվել այդ բառերը: Լույսի մեջ բնակվելու համար լույսն ու խավարը պետք է բաժանված լինեն միմյանցից: Եվ Աստված լույսը բաժանեց խավարից ու իրերն իրենց անուններով կոչեց. լույսին ցերեկ անվանեց, իսկ խավարին` գիշեր: Եվ թող ամենակարող Աստված ներողամիտ ու ողորմած լինի բոլոր նրանց հանդեպ, ովքեր հալածվեցին, բայց խավարին լույս չկոչեցին...Եվ նրանց թվում` հոգնած, ուժասպառ պոետին, որն անչափ մոտիկ` արժանի, բայց և անսահման հեռու էր Աստծո կողմից օրհնված ու սրբագործված յոթերորդ օրվա հանգիստն առնելուց, և որը ցրտաշունչ մի օր քաղաքի մի ձեղնահարկ բարձրացավ: Եվ եղավ այնպես, որ այդ օրը Աստծո հրեշտակները եկան կանգնեցին Տիրոջ առջև. նրանց հետ սատանան էլ եկավ` ման գալով երկրի երեսին, շրջելով նրա վրա: Եվ Տերն ասաց սատանային. «Որտեղի՞ց ես գալիս դու»: Պատասխան տվեց սատանան Տիրոջն ու ասաց. «Երկրի երեսին շրջելով ու երկնքի տակ ման գալով եմ եկել»: Եվ Տերը հարցրեց սատանային. -Ի՞նչ տեսար երկրի վրա, մարդիկ արդյոք ջանո՞ւմ են կատարյալ, արդար և աստվածավախ լինել, որպեսզի հեռու լինեն քո հարվածներից: Սատանան մի պահ մտորումների մեջ ընկավ: Ինչ-որ հարց էր ծանրութեթև անում և դեռևս չէր կարողանում իր համար ճշտել. արժե՞ արդյոք այդ մասին խոսել, թե՞ ոչ: Տերը նայեց սատանային ու ասաց,- Ի՞նչ ես փորձում ինձանից թաքցնել, չէ՞ որ գիտես, որ արդեն տեսնում եմ քեզ...Ինչու՞ բարձրաձայն չես խոսում: Այնժամ սատանան դողացող ծնկներով առաջ եկավ ու ասաց. -Այսօր մի պոետ քաղաքի ցրտաշունչ ձեղնահարկը բարձրացավ, ու մինչ ես սպասում էի, նա անգամ փորձ չարեց բախելու երկնքի դռները... Եվ ես մտածեցի...Իսկ գուցե... -կմկմաց սատանան: Այն ժամանակ Տերն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքն եմ տալիս,...» Սատանայի ողջ մարմինը դողից ցնցվում էր, բայց նա կանգնել ու տեղից չէր շարժվում: -Ինչպե՞ս համարձակվեցիր կանգնած մնալ իմ առջև,- զայրացավ Տերը: -Ով ամենակարող,- ծնկների վրա փլվելով` խոսեց սատանան,- այդ պոետն աղքատ է...Սատանայից առաջ ընկնելով, նրան արդեն կողոպտել ու թալանել են: Այժմ նրանից ամեհի հողմերն անգամ մի ծղոտ իսկ չեն կարող տանել, նման մարդուց ի՞նչ կարող է վերցնել խեղճ սատանան: Եվ այնժամ Տերն ասաց սատանային. «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում... և քեզ թույլ եմ տալիս երկարացնել ձեռքդ և դիպչել նրա մարմնին»: Սատանան բերանքսիվայր փռվեց տիրոջ առաջ: -Ինչպե՞ս համարձակվեցիր դարձյալ կանգնած մնալ իմ առջև,- ահարկու ձայնով ասաց Տերը: -Ով Արարիչ և հզոր Տիրակալ ամենայնի,- վախվորած խոսեց սատանան,- այդ պոետին հալածել են նրանք, ովքեր իրենց դրոշը բանվոր դասակարգի և գյուղացիների արյունով էին ներկել...Նրանք սրբերի արյամբ էին ներկել իրենց դրոշը: Սատանայի ձեռքից խլել էին մանգաղն ու մուրճը, մեղավոր հոգիների հունձն ու շղթաների ամրացնելը մերկ ձեռքերով էինք կատարում, այն դեպքում, երբ ողջ երկիրը դիերով էր ծածկված...Եթե նրանք որևէ մեկի վրա ձեռք էին երկարել, սատանայի ձեռքն այնտեղ անզոր էր. նրանց պատճառած հալածանքներին ու տառապանքներին ի՞նչ կարող է ավելացնել սատանան: Եվ այնժամ Տերն ասաց սատանային. -Թույլ եմ տալիս, գնա և ձեռքդ երկարացնելով դիպիր այդ ազգին, որն իր պոետներին այդպես է պահում. նրանցի’ց վերցրու այն, ինչն այդ պոետից չես կարող վերցնել: Սատանան բերանքսիվայր պառկած Տիրոջ առաջ, մազերն էր փետում ու հող լցնում գլխին: Տերը, սատանային նորեն իր առջև տեսնելով, շարժեց ձեռքի գավազանը... Երկինք ու երկիր դղրդացին... -Եվ դու դեռևս համարձակվում ես երևալ իմ աչքին, հանդուգն սատանա,- իր ձայնը բարձրացրեց ամենազոր Տերը: -Թող որ երկիրը պատռվի և ինձ ժամանակից շուտ կուլ տա,- աղաղակեց սատանան,- բայց աշխարհի արյունոտ երախն ընկած, անզոր ու անօգնական, գառան նման միամիտ այդ ազգից, որն իր հովիվներից է անգամ հալածված ու մոռացված... մի ազգ, որի որդոց թափված անմեղ արյան կանչից ուր որ է` երկինքն է փլվելու երկրի վրա, ի՞նչ կարող է վերցնել սատանան: -Դե չքվիր իմ աչքերի առջևից,-հրամայեց Տերը և սատանան նույն ակնթարթում անհետացավ: ԵՎ Տերը դիմեց իր առջևում կանգնած հրեշտակներին ու ասաց. -Այդ երկրից խնկաբույր աղոթք է բարձրանում առ Աստված. գնացեք և աղոթքի հետ այդ թշվառ պոետին ցրտաշունչ քաղաքի ձեղնահարկից դեպի երկինք բերեք...



Комментариев нет:

Отправить комментарий