Որոնել

среда, 20 июня 2018 г.

Խանում Ավանյան. Ժամանակի ալբոմ

Խանում Ավանյան ( 1991 Թբիլիսի, Վրաստան)

















նկար 1

Լիակուրծք աղջիկը
համբուրում էր չորացած ծառերի
ուրվականը.
լուսանկարում չորացած ընտանիքն էր
պատերազմից հետո:


նկար 2

Վանից փախել էր տատս,
նա իր հայացքում ծամել էր
ժամանակ ասվածը:

նկար 3

Փաթիլվող ձյունը մոգական
լռություն էր փռել
գերեզմանոցում,
նա եկել էր հետ զրուցելու:
Լռությունը ճչում էր...

նկար 4

Լուսաբացին անիծել էին մթի սև գնդիկները:
լուսաբացի լույսին աղոթանքն է:

***

Աստված ողողեց արար աշխարհը
թթանձրևով,
մանանատիպ մարգարիտները
վիրակապեցին խոցված երկնքի սիրտը:

***

Ծերացող արևը

Կնճռոտվել է դեմքդ կի'ն,
ամպային քողդ հանել ես,
այլևս հարս չես:
Կնճռոտվել է սիրտդ կի'ն,
արծաթապատ սերեր չես հագնում:
Մի օր կարթնանանք ծերացած
Արև-կին ,
մեր մոր օրորոցայինը
հարյուր տարվա պատմություն
կունենա:

***















Օ՜ Մարիա Ցվետաևա
Ռիլկեի և Մարգարետ Ասլանյանի
բանաստեղծությունները
լցրել եմ պարկի մեջ '
հատ-հատ, բառ առ բառ ,
նրանք քեզ են ուղղված:
Մարիա՜ գիտե՞ս կարմիր հոկտեմբերին
քա՜նի Աստված է քո գույներով ներկվել:

***

Մի օր կալեկոծվես,
ափերիցդ դուրս կգաս,
կասես' Սև ծովն եմ հիշաչար,
ինչ -որ մի տեղ, ինչ -որ մի ափում
փաթեթովորված են արցունքներդ:
Իմ թախծախեղդ Սև ծով,
երբ գիշերահավասարին ափերիդ
փրփուրը կծածկի մարմինս՝
կվիժի դառնաջուր:
Նորից օր կիջնի մեր միջև՝
սառն ու արցունքաբեր:

***
Մի քանի տարի էր 
ընկերոջս չէի տեսել:
Ձեռքերս պարզեցի դեպի վերև,
գրկախառնվեցինք՝ ես ու ինքը:

Հիշում ես՝ ծիծաղում էինք ,
երբ անձրևը սիրահարվեց,
ծնվեց ծիածանը,
հիմա նա է մեզ վրա բերանը բացել...

***

Մեր հանդիման օրը
ես կանաչ զգեստ կհագնեմ,
ծառերի հետ չշփոթես՝
քեզ համար եմ ծաղկելու:

***

Երկու օր է ուզում է
անձրև տեղալ աչքերիցս ,
բայց անտեղի է հոսելու.
ծառերը վաղուց են ծաղկել:

***

Երբ բաց էի թողնում թռչուներին՝
դու եկար, 
վերջին թռչունի ոտքից 
թել կապեցիր,
նրա փոխարեն թռար:


Комментариев нет:

Отправить комментарий