Որոնել

пятница, 29 июня 2018 г.

Նազիկ Գասպարեան. "...Եվ եղար դու"

Նազիկ Գասպարեան (1993)






















Ընծաներ չեն եղել
և մոգեր նույնպես
ու աստղ չի վառվել վերևում
երբ ծնվել է նա
բայց ես սաղմոսներ պիտի երգեմ նրա համար
և ներիր ինձ,Տեր
զի կուռք շինեցի երկրի վրա
և թողություն տուր
այն քաղցր մեղքին իմ
որ անունն ունի նրա


***

Բոլոր հաղթանակներից
գերադասում եմ
պարտությունս քո
գրկի մեջ ու
բոլոր շքեղությունների
փոխարեն
քեզ եմ ընտրում.
միայն պարգեւիր
ինձ երանությունն այն վստահության
որ բոլոր ճանապարհները
քեզ ինձ մոտ են բերում...


***

Ես քեզ այնպիսի սիրով կսիրեմ
Որ բանն ու բառը քչություն անեն
Այնպես վայրի և այնպես քնքուշ
Որ խորաններից սեր պատարագվի
Ամեն Աստծո օր 
Ու սերը դառնա հանապազօր հաց
Ե՛վ ապաշխարանք
Ե՛վ հանցանք, և՛ մեղք
Հավատք ու աղոթք
Որ համբույրները ծես լինեն երկար
Շուրթերդ լինեն հին մատուռի դուռ
Որին դիպչելուց սարսռամ մեկեն.
Ու շուրթիս մնա թունդ մյուռոնի համ։


***






















Սիրած աղջիկ է
բանաստեղծությունը
սպասեցնում է
քեզ երկար
հետո
գեղեցկացած գալիս է
հանձնվում մատներին քո ու
սիրիր ինձ
ասում է
ու դու սիրում ես նրան
ամենաուժգին սիրով
որովհետև գիտես,
որ առաջինն ես նրա
ու վերջինն ես նաև


***

Ես ու իմ երկիրն
արդեն իրար հիացնելու
ու զարմացնելու փորձեր չենք անում
հազար տարվա ամուսինների նման
արդեն մեզ կապողը ինքը կապվածությունն է
ու ես տեսարաններ սարքելուց հոգնել եմ
այն չնչին ուշադրության համար
որին չեմ արժանանում
իմ երկիրը աչքը դուրս ծերուկ է
որ ինձ հիշում է հուսալքության մեջ


***
Ինչ-որ մեկն
հիմա
ինչ-որ մի տեղ
երևի
անդարձ
կորցրել է
կարևոր մեկին
թե չէ ինչու պիտի
ցուրտ լիներ այսքան
ու տաք թեյն անգամ
և ծածկոցը նույնիսկ
չփոխեին ոչինչ


***
























Այսօր նորից հիշել եմ քեզ,
Հանել եմ փոշոտ,մշուշոտ հուշից
Հանել եմ,նստել եմ հետդ
Սրբում եմ փոշին ափերիդ միջից:
Բռնում եմ,սեղմում եմ ձեռքդ
Մատներս էլի դողում են վախվոր
Լռում ենք,ներում ենք իրար
Ու չենք էլ հիշում՝ով էր մեղավոր:
Առաջվա նման գրկում ենք իրար,
Ու ես վառվում եմ,որ դու չմրսես,
Պիջակդ հանում ,գցում ես ուսիս
Ու մրսում ես դու,որ տաք լինեմ ես:
Այսօր նորից հիշել ես ինձ
Հանել ես խոնավ,փոշոտ մշուշից
Հանել ես,նստել ես հետս
Մաքրում ես փոշին մազերիս միջից...


***

Գիշերը,երբ անձրև կլինի,
Կլինի լռություն ու քամի,
Կթվա սևաչյա մի աղջիկ
Փուլ կգա կրծքիդ, կարտասվի:
Ուսերը կցնցվեն աղջկա,
Երկնքում ամպրոպ կլինի,
Դու ձեռքով կմաքրես արտասուքն
Ու աղջիկն էլ չի հեկեկա:
Անձրևը աղջկա լացի պես
Փուլ կգա կրծքին գիշերվա,
Գիշերը քնքշորեն կօրորի,
Համբուրիր աչքերը աղջկա:


***





















Իմ
հեղեղներին
անձրևանոցդ
չդիմացավ...
Դու
բարակ-մարակ
անձրևների ես
սովոր...


***

Երբ ես խռովեմ իմ ներսերի հետ
Մայր ջան,
Ինձ էլի դու քո գիրկը առ,
Զի հաշտությունս էլի քո ծոցում,
Քո խունկ կրծքին եմ գտնում,
Սիրու՛նս:
Ջահել գլուխս թող հենեմ ուսիդ
Ու դու համբուրիր ճակատս ջահել,
Որով ի՜նչ հովեր,ծովեր են անցնում
Մայր ջա՜ն,
Աշխարհում ոչ ոք չգիտի:
Ու թող համբուրեմ մազերդ գունատ,
Իմ արցունքներից թացվող աչքերդ
Համբուրեմ,մա՛յրս,
Եվ հավատավոր աղոթք մրմնջամ
Մատներիդ առաջ՝ որպես մոմերի,
Որ ինձ համար են մաշվել
Անուշս…
Մայր ջան,դու միայն ինձ քո գիրկը առ
Ու օրոր ասա.
Ես չեմ մեծացել…


***

"Արևիկին" շարքից


















Պարզ
շատ պարզ եղավ արարումը քո
եղիցի լույս
շշնջաց Նա
և եղար դու
լույս իմ


***

Դու, որ իմ ներսում ես հիմա
ու մաքրամաքուր ես այնպես
ինչպես երբեք չես լինելու
քեզ կրելուց հետո է որ
այս աշխարհից սիրտս խառնում է
Բալիկս
Կներե՞ս որ քեզ բերելու եմ ու այս
բորենիների աշխարհին մատուցեմ
Բայց այստեղ,լավ բաներ լինում են
թեկուզ հազվադեպ
Օրինակ քեզ նման մաքրությունը
խմորվում է մեր աշխարհում
ու դու տաք հացի նման,զավակս
Ցորենի նման իմ արդար զավակ
ճամփա ես ընկել ու լուր ես բերում Աստծուց
որ իմ ու քո հոր մեղքերին Նա թողություն է տվել


***

Հիմա գիշեր է,
Եվ ես տիեզերքն եմ
ոչ ավել ու ոչ պակաս.
դու մայր ես մտել գրկումս,
Արեւ իմ։
Կմեծանաս դու,
Փոքրիկս,
Եվ կմտածես
ճիշտ ու ճիշտ ինձ նման,
որ չկա առավել գեղեցիկ բան 

քան անձրեւից լվացված բալը ճյուղին`
կաթիլը պլպլան երեսին պահած։
Ճիշտ ես։
Բայց դու, բալիկս,
հիշիր
Որ մայրիկը քեզ ասել է`
դու ավելին ես քան
անձրեւից լվացված բալը`
կաթիլը պլպլան երեսին առած։
Կա գեղեցիկից անդին եւ դա
Մենք ենք`
Դու գրկում իմ։
Մայրիկը աղքատ աղքատ է
Քո մասին ինչ-որ բան գրելիս,
Ներիր նրան ու հիշիր
Դու իմ տոնն ես։


***

Դու չես հավատում որ ես հանճար եմ
որովհետեւ չես տեսել թե
որքան խաղաղ է քնած կրծքիս
իմ ամենակատարյալ
բանաստեղծությունը


***

Այս ձյունը
դստրիկս
մաքրում է օդը
ու փոշին է մաքրում
ճանապարհների
որոնցով գալու ես դու
ու
մինչ կհասնես
աշխարհը ճերմակ- ճերմակ կլինի
քեզ նման մաքուր ու
ամանորի կախարդանքի պես հրաշալի։
կգաս ու
գուցե հետո ինքդ գլխի կընկնես
որ այստեղ ամեն բան խաբուսիկ է 

ձյան մաքրության նման
ու ամանորի կախարդանքի պես


Комментариев нет:

Отправить комментарий