Որոնել

четверг, 28 июня 2018 г.

Վեներա Վարդումյան. Չեմ թարգմանում ցավը

Վեներա Վարդումյան (1955)























Ջուրը բխում էր տաճարի խորքից: 
Քայլ արեցի, որ ակունքը գտնեմ, 
Ձայնդ լսեցի, ետ վերադարձա:
Քո աստվածներին ես անգիր գիտեմ, 
Բայց իմ խորանում աղոթքս ծաղկեց 
Միայն քեզ համար:
Դու կարծում էիր սառցե սրտի մեջ 
Արևներ չկան: 
Գնացել էիր մոմի ետևից:



***

Ո՜չ սարի ձյունն եմ մոռացել, 
Ո՜չ հրդեհը ստորոտի: 
Ո՜չ քամու շունչը խելագար, 
Ոչ ճաք տալը ծով հավատի:
Գտել էինք աստվածների Կացարանը, 
Որի դուռը աշնան մի օր 
Երբ թակեցինք, 
Ներսում արդեն ոչ ոք չկար :
Դու ասացիր՝ գնացել են 
Մարդանալու հոգիներում՝ 
Թույլ ու անկար, 
Ու կարող են ետ չդառնալ 
Թափուր մի վայր, 
Որ կարոտի գույն էր :
Ե՜վ աստղերը չեմ մոռացել, 
Ե՜վ հրդեհը ստորոտի: 
Ո՜չ քամու շունչը՝ խելագար, 
Ո՜չ սրսփուն երգը գետի:

***

Թարգմանել չգիտեմ: 
Զգում եմ խոտի պես: 
Ճյուղի, որ կտրում են, 
Երբ խանգարում է:
Գետն ընկնող Տերևի պես: 
Անհասցե:
Հողի, ում ասում են՝ 
Կվերադառնամ, 
Ուրիշ էլ որտեղ 
Պիտի թաղվեմ:
Երգի, որ դեռ չի գրվել, 
Բայց ուր որ է 
Կպայթի աշնան 
Ցորեն հատիկի 
Խիզախությամբ:
Չեմ թարգմանում ցավը: 
Երբեք:

***


















Հոգիս երազի աստղավրան է: 
Անհուն սլացք է՝ պարզ ու անմեկին: 
Նա հավերժաբախտ թափառական է, 
Թեև մարմնի մեջ բանտել է մի կին: 
Խղճի ու հույսի անխառն մերան է, 
Անհագ է, ծարավ ու երկինք ունի, 
Տիեզերական շեղբի բերան է, 
Որ մխրճվել է բիբը անհունի: 
Անկատար մարմնում նա ո՜նց է մնում, 
Ո՜նց է վար իջնում մաքուր բարձրերից, 
Տերն էլ այդ մասին չգիտի բնավ, 
Նա էլ այդ մասին միշտ հարցնում է ինձ:


***

Այդքան հնչյունները ո՜նց ես տիրավարում: 
Որբ բառերին անփույթ ապաստանում կարգով: 
Այդքան թեժ գույները ո՜նց ես սրտում պահում, 
Ու դասդասում նրանց հազար ու մի հանգով:
Այդքան երազները կառափնարան տանում 
Բեռնաձիու խոնարհ արցունքներով խոշոր:
Այդքան աշուններից ո՜նց ես խարույկ վառում 
Ու մարելով այդպես՝ ո՜նց ես մնում հզոր:

***

Քո աղոթքները ես անգիր գիտեմ, 
Նրանք իմ ներսում թեք խաչքար ունեն, 
Հոգեփրկումիս լուռ պատարագին 
Վիրավոր կանչդ չի թողնում քնեմ: 
Խուժում է աննինջ կարոտի քամին, 
Ես ինձ գտնում եմ բեկված հայելում: 
Լուռ թրթռում է ժպիտը մոմի 
Քո անդարձության կանչող ջրերում: 
Ես հեռանում եմ իմ ներսից անգամ, 
Ինձ վտարում եմ, որ չմոլորվես, 
Թեքված խաչքարի մատների միջով 
Կորցրած լույսիդ փունջը կբերես:

***






















Ե՜վ ցավիդ տերն եմ, և՜ սխալներիդ: 
Երբեք չեմ դատում, կամ էլ պաշտպանի 
Ջերմեռանդությամբ կամքդ չեմ ծռում 
Քամուն հակառակ, իբր կամքն է քո:
Դու իմ երկիրն ես, իմ կենաց ծառը: 
Սոսափեմ պիտի միայն քո ճյուղին 
Ու բնավորվեմ քո գրկում միայն:
Իմ ամենամեծ նվաճումն ես դու, 
Ու իմ պարգևը՝ աշխարհի ծերին:
Ամեն օր մի քիչ, նշխար առ նշխար 
Ես քեզ եմ տալիս, ինչ ունեմ 
Հոգուս գաղտնարաններում 
Ու փոխարենը ոչինչ չեմ ուզում:
Ես ցավիդ տերն եմ : 
Բառերի սրտով ես քեզ չեմ դատում:

***

Երազներից փունջ կապելու սիրտ չունեցա: 
Ինչ ձեռքիս կար, մեկ-մեկ տվի ամպ ու հովին: 
Մեկ էլ տեսա՝ կաթիլի պես վեր բարձրացա 
Ու խտացա ամպաշղարշ երկնակողին:
Ինձ դու գտար վերևներում դժվար պահի, 
Աղջկական երազների կարմիր շորով: 
Աչքերիս մեջ թռիչքներ էին՝ առանց ահի 
Ու անկումի աներկյուղ պար՝ հասուն օրով:
Ամեն անգամ հրաժեշտի երգ եմ լսում: 
Բայց հո գիտեմ՝ սրտիս մեջ ես, չես գնացել: 
Հա՜, էն օրը լռության մեջ շատ մնացի՝ 
Համոզվելով, որ դեռ կարգին չեմ խտացել:

***


Քանի՜ անգամ ամբողջացա, 
Քանի՜ անգամ տրոհեցիր: 
Գույների մեջ՝ բառերից դուրս, 
Ալիք-ալիք ինձ հատեցիր: 
Իմ տե՜ր Աստված, փխրուն մարմնիս 
Ո՜ւր տվեցիր հոգին բառի, 
Ես սոսափել գիտեմ միայն 
Շշուկներով խուլ անտառի:

***

Տողի մեջ այրում եմ սիրտս, 
Բառը խանձվում է: 
Օղապարանը նետում եմ անկամ, 
Միտքը սանձվում է: 
Ճչում է երգս, ուզում է մենակ 
Նստել մի քարի: 
Չէ՜, նա չգիտի, որ ճորտն եմ միայն 
Նոր ծնվող բառի: 
Ու խռովում է ինձնից իմ երգը, 
Անխոս հեռանում: 
Այդ ո՜վ է տեսնես տողերի ներսում 
Ցավն իր մոռանում:


***
Չեմ արթնացնի շքեղաշուք ոչ մի բառի, 
Թող ուրիշի կառքին լծվեն ձիերի տեղ: 
Պետք չեկավ ինձ իմ օրերում ոչ մի պահի, 
Պարզ օրերիս աչքերի մեջ՝ բառը շքեղ:


***






















Լույսի արտասուք պոկվեց ամպերից: 
(Լեռները այսօր մշուշ են ծխում): 
Քնքշանքի խոսքեր եկա՜ն, գտան ինձ, 
Այսօր ես փխրուն հուշ եմ կարկատում:
Նվիրում պոկեց քամին ծառերից, 
(Ես ձևարարը դարձա կարոտի), 
Սպասման զգեստ կարել չգիտեմ, 
Թող մշուշ լինի, դու մի՜ փարատիր:
Եղնիկի արցունք ընկավ խոռոչին: 
(Ճնճղուկին թվաց, թե քարն է լացում): 
Ու ես սպասման զգեստ կարեցի: 
Ոչ ոք չհագավ, ա՜յ քեզ մոռացում: 
(գրել եմ մ. թ.ա.)



***
Աստծո ամեն օր պիտի մոտենամ, 
Էն նախակավին, որտեղից եկա: 
Ու դեռ չեկածին պիտի հավատամ 
Որպես մեղսաթափ կարոտի վկա:
Գիտես՝ ինչու՜ չեմ ես տարորոշում, 
Երբ լույսն ստվեր է, ստվերը՝ կածան: 
Այնպե՜ս աղոտ է այն ուրվագիծը, 
Որով երկնաթև խոհերն իմ անցան:
Մի ձեռքը միայն մի ուս է գրկում: 
Մյուսը լավ գիտի տեղը աչքերի: 
Եթե արևն էլ հալ գցի անգամ, 
Չասված բառերը էլ ետ չի բերի:
Հիմա, երբ արդեն չգիտեմ ոչինչ, 
Հիմա, երբ արդեն պարզ է ամեն բան: 
Եվ պատասխանը հարց չունի իր մեջ, 
Ես բոբիկ պիտի անցնեմ իմ ճամփան:

***
Ծովն իմն է եղել, ես չեմ գողացել, 
Մեր ձորի ջուրը հասել է նրան: 
Երկինքն իջել է լեռների ուսին, 
Հյուսել կապույտից մետաքսե վրան:
Ծովը եկել է, հասել իմ սրտին, 
Մակընթացի՝ իր թևերին առել: 
Ես չգիտեի բարձրանալ խորքից, 
Ես չգիտեի խորքով հմայել:
Մեր ձորի ջուրը գտել է նրան, 
Ու ծովն ալիքով մեղմ գրկել է ինձ: 
Ես չգիտեի լուռ ահագնանալ, 
Ես չգիտեի դուրս գալ ափերից:









4 комментария:

  1. Վեներաս, հարազատս ,իմաստունս .այսքան հոգեհարազատ ու այսքան իմը .թափանցում ես հոգուս խորքը ու....Դասընկերուհիս ,գնացի մեր մանկություն ու ...Շնորհակալ եմ, քույրիկս, ներսս փոթորկելու համար, իսկ դու, Մագաս, իզուր չէ, որ քեզ այդքան սիրում եմ...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Անսահման շնորհակալ ենք, մենք էլ ձեզ ենք սիրում շա՜տ..

      Удалить
  2. Ընկեր Վարդումյան ջան անչափ տպավորված եմ😄շաատ լավ էր🤗🤗

    ОтветитьУдалить
  3. Իմ սիրելի Վեներա, կարդում եմ գործերդ ու սիրտս ուռչում է , որ քեզ ճանաչում եմ, որ վեհ պոեզիայի հետ եմ հյուսվում...

    ОтветитьУдалить