Որոնել

суббота, 30 июня 2018 г.

Լեոնիդ Ենգիբարյան. Աշուն աչքերով Ծաղրածուն

Լեոնիդ Ենգիբարյան (1935 -1972 Մոսկվա)






















Մի քանի խոսք Երեւանի մասին

Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։
Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․
Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։

***

Լապտերները

Գիշեր է:
Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:
Ինչի՞ մասին:
Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:
Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․
Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

***

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:
Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։






















Առաջ

Առաջ երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռվում էին հանգիստ սրտով, քանի որ գիտեին, որ երեկ համբուրվել են, եւ իրենցից հետո նույնպես կգտնվի կռվող։
Աշխարհն այն ժամանակ ահավոր ողջամիտ էր։

***

Արտիստին

Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:
Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն 
Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ 
Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր...
Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, եւ քեզ հետ է նորից 
Անհանգստությունը:
Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, 
առանց որոնց Ճանապարհ չի լինում:
















***
Ճանապարհը

Մեկնում եմ:
Ես վաղը կմեկնեմ:
Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:
Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:
Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետեւ ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է:
Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:

***

Գունդը ափի մեջ

Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում:
Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը:
Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեւերը, եւ աչքերն արյունով կլցվեն․․․
Այս ամենն, իհարկե, ծանր է եւ, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեւէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եւ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:






















***

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ

***

Դու, ես ու իմ տխրությունը

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։
Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․
Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։
Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։
















***

Աղջնակին, որ թռչել գիտի

Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։
Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։
Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։
Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։
Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
Ու ոչնչից մի վախեցիր։
Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։
Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,
դա հասկանալի է յուրաքանչյուրին։
Իմ սիրտը՝ քո կրծքում։




Комментариев нет:

Отправить комментарий