Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Կարոտախտ

Մարգարետ Ասլանյան (1990 Երևան)
























Ինչ անշշուկ է իջնում կարոտի մեղքը
լռությունների փշալարերին:
Ամռան գիշերը լցվում է իմ մեջ
արցունքով լուսնի,
կայծակված երկինքը
դանդաղ թափվում է
պաղ սավանների ճերմակությանը,
մատներս կույր են:
Ես օրորվում եմ
քո երակների զառիթափերին,
և բույրը մաշկիդ մտովի տանում է
մանկության փողոց`
կամարակներով մասրենիների:
Ես սարսափելի հիվանդ եմ քեզնով:
Ինչ-որ տեղ հաստատ
պայթել է ջրամբարը հույսի ու... Անձրևում է:
Օրացույցները գլխիկոր են,
ժամացույցները` խաբված:
Սպիտակ թախիծները
դանդաղ դարսվում են
հայացքիս ժայռին:
Ես փլվում եմ
հոգեվարքող հիշողության մեջ
դեղին համբույրների,
որ կաթիլվում են` քեզ վրա ճաքող
փշածածկ մարմնիս մարմարե դողին:
Դու գնում ես տուն:
Մութն ուրվագծում է
կեսգիշերային կարոտը ճեղքող
ոտնաձայնը իմ`
մասրենիների կամարակներով
քնած փողոցում:
Ես ինձ հետ տանում եմ
կոկորդս լցված հսկա քարերը
և...Մենակությունն իմ` բույրը քո մաշկի.
տե'ս, անձրևում է Երևանն ի վար...
Ես սարսափելի հիվանդ եմ քեզնով:

12/06/2018 Երևան

Комментариев нет:

Отправить комментарий