Որոնել

среда, 20 июня 2018 г.

Մարինա Գևորգյան. Ճերմակ ծաղիկ

Մարինա Գևորգյան (1986)


1

Գարուն իմ, չարաճճի կին,
փնթի շաղ ես տվել սիրուդ խոստովանանքները հողին,
որ արևի կրքով պիտի այրի բոբիկ վազողներին,
ու տանում ես սիրտը՝ օդապարիկ թռցնելու․․․
Կփսփսաս նրան,որ չպոկի ճերմակ ծաղիկները իր կրակից՝
ինձ հասցեագրելու համար,
ասա՝ ծաղկազարդի օրհնած ջուր ցանի կարոտին,
քամին մազերիս մեջ կխճճի ծառերից փախցրած ծաղկաթերթեր,
ես կիմանամ՝ սերս չի մոռանում սիրել 
ատրե կրակում բացվող 
մեն -միայն իմ ճերմակ ծաղիկը․․․
Սեթևեթ անցիր աչքերի միջով,
գարուն իմ, անպարտելի երազողս,
ես կիմանամ։

***

2
Եվ գալիս ես,գալիս ես՝ փեշդ լի ճերմակով,
շրջված ժամերի նեղլիկ արահետներով գվվացող սամումները
տարփում են անջուր կարոտով.
դեռ հիշում է մեզ երկինքը երանության,
այդ մենք ենք շատ բան հեշտ մոռանում.
ու խեղդելով օդը՝ փնտրում եմ չկորցրածը,
ու սահմանը նիմբերի զգալու չափ արի
դիր ձեռքդ որպես Վեհամոր Ավետարանին,
բաց նյարդը լույսի շոյելով՝ երկրպագիր բացառիկ բնությունը սիրո։
Ու կսեղմվի կուրծքը ներս թափվող խլրտոցից,
ըմպելով դատարկը ցաված՝ շուրթերի հիշողությունը կփշրվի,
միևնույն է ՝կօրհնենք հար ծաղկած երկինքը,
ուր մեր ձեռքերը ճեփ- ճերմակ սերմեր են տնկել թաղարներում սրտի,
և սկիզբ չտեսած անավարտն այս հեշտ չէ,սեր իմ,հեշտ չէ մոռանալը…





















***

3
Ու ներս է լցվում սարերից փախած մարտի քամին՝
սրտի զարկ/վայրկյան արագությամբ,
Մալա՜դե,- սարսռեցնում է ֆրանսերենով։
Ո՞վ կփակի սպասման կորած հաշիվը,
և զղջման պղտոր ջրերը չհոսեն մի հունով,
կրքերի մրոտ ածխահորերից
կույր կրակները կլափեն ճերմակ մարգագետինները ծաղկուն ,
և անուղղելի համառությամբ
անսանձելի ինձ կքշի գիշերով ցնդած քամին,
կմաքրի անդարձությամբ գնալս՝ իմ Արարատը նվաճելու.
և ամենախելառ բախտը չի ների
ծովի մակարդակից մի քանի երկինք վերև
ձյուների տակից երբ ծաղկի ամենան,
մինչ այդ պատուհանը լռում է
բարձերի մեջ փետրվող իմ ցավը.
մալա՜դե,հիշեցնում է,մալա՜դե…

***

4 
Ի՞նչ ասեմ կարոտների մասին, որ ծաղկում են,
ով գիտի,երեք երկինք հեռու,
և հափշտակված են երկրային ժամանակից,
որ կանգ կառնի մի օր, երբ վեր կենամ գնամ յոթ սար հեռու՝
ալվան ծաղիկ մը գտնելու։
Արտառոց լուրեր կհայտնեն,
թե պոեզիայի միջազգային օրը՝ այսինչ դարում,
Երկրից մի քանի պարսեկ հեռու
N տիեզերանավին է բախվել ապակե գունդ,
որի մեջ բուրել է՝ զարմանալիորեն գիտությանը դեռևս անհայտ
մուգ Ճերմակ ծաղիկ։
Ինչե՜ր չասված պիտի մնան, որ դու գիտես․․․


Комментариев нет:

Отправить комментарий