Տե՛ր Աստված…
Սովորեցրո՛ւ ինձ
լաց լինել անծանոթների ներկայությամբ:
Սովորեցրո՛ւ լաց
լինել, երբ ուզում եմ լաց լինել վշտից, ուրախությունից, ոգեշնչումից: Հատկապես` ոգեշնչումից:
Թող արցունքները
հոսեն` չհեղեղելով ինձ:
Սովորեցրո՛ւ ինձ
ցավ զգալ` մեծ, փոքր, ցանկացած բնույթի: Ես ուզում եմ անցնել ցավի միջով` թույլ տալով,
որ գնա:
Սովորեցրո՛ւ ինձ
բարձրաձայն աղաղակել, նույնիսկ, երբ ուրիշները լռում են:
Ինձ հարկավո՜ր չեն անսահման
հնարավորություններ:
Տո՛ւր ինձ պարզն
ու մարդկայինը` պատրանքներից արագորեն ազատվելու համար:
Հարկավո՜ր չէ հավերժական
կյանք ունենալ: Թո՛ղ որ իմ ժամանակը սահմանափակ լինի, որպեսզի էլ ավելի արժեքավոր դառնա:
Ես խնդրում եմ անկատարելություն,
որպեսզի ինձ սիրեն, որպեսզի պատվանդանի վրա չբարձրացնեն:
Հարկավոր չէ երկնային
մեծություն: Ինձ երկրային մա՛րդ դարձրու, ով կարողանում է տեղավորվել գրկի մեջ:
Պե՜տք չէ հիացմունք:
Նվիրի՛ր պարզ սեր: Հիմա՛:
Շատ տարբեր բաներ
պետք չեն: Տո՜ւր ինձ միևնույն բանը:
Որպեսզի հազարերորդ
անգամ անցնելով ծանոթ ճանապարհով` ես վերջապես հասկանամ:
Սովորեցրո՛ւ ինձ
սիրել պարզը, քանզի այն որքան դյուրին է,
Նույնքան և բարդ
է, բայց պահանջում է ավելի քիչ ջանքեր:
Ես անհարմար պահեր
եմ ուզում, որպեսզի հուզմունքով նայեմ սիրելիի աչքերին:
Քեզնից խնդրում եմ
անօգնական իրավիճակներ, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ տեսնել ինձ պարզած ձեռքը:
Սովորեցրո՛ւ ինձ
հանձնվել:
Սովորեցրո՛ւ ինձ
սխալվել:
Սովորեցրո՛ւ ինձ
կասկածել:
Խնդրո՜ւմ եմ, թող
որ պարզեցնելու կարիք չլինի: Հստակեցրո՛ւ:
Տո՛ւր ուշադրություն
լսելու, զգալու այն, ինչ տեղի է ունենում: Թող քնքուշը ուժեղ դառնա:
Ես ծերություն եմ
խնդրում, որպեսզի ոչինչ ինձնից դուրս չպատկերացնեմ:
Օգնի՛ր ինձ իմաստից
քայլելով հասնել իմաստալիցին: Նվիրի՛ր դատարկություն, որից ծնվում է ամեն, ամե՜ն ինչ:
Ու՛ժ տուր դիմանալու
սեփական խելամտությանը` դադարելով ողբերգություն փնտրել այնտեղ, որտեղ ուղղակի հանգիստ
շունչ քաշելու կարիք կա:
Տե՛ր, շնորհակալ
եմ, որ դու կաս: Իսկ, եթե` ոչ, ապա շնորհակալ եմ գոնե քո գոյության գաղափարի, քեզ գտնելու
հուշումի, քեզ փնտրելու հնարավորության համար:
Իսկ, եթե ես ընդամենը
առոչինչ դատարկություն եմ, ով մոռացել է տիեզերքի միասնության մասին, ապա խնդրում եմ`
այդ մասին հիշեցրու ինձ խնայելով:
Մի բան էլ` սովորեցրո՛ւ
ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ այն ժամանակ, երբ ուզենամ…
***
Եթե ձեր բախտը բերի, դուք կմնաք մենակ, բոլորովին մենակ:Երբ ոչ մեկը չլինի քո կողքին, դու աջակցություն կփնտրես
հողից և հույսը կդնես միայն քեզ վրա:
Եթե
ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, կյանքը ձեզ կհարվածի ինչպես ընկույզի`
միջուկը դուրս կորզելու համար:
Եթե
ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք ցավ կզգաք: Այնպիսի ցավ, որը
ձեզ համարյա կստիպի մեռնել, իսկ հետո կօգնի վերածնվել ներսից:
Եթե
ձեր բախտը բերի, դուք լաց կլինեք: Եվ արցունքներն այդ ոչ մի կերպ հնարավոր չի լինի
զսպել: Արցունքները կբերեն ազատում, այնուհետև` իրական կյանք:
Եթե
ձեր բախտը բերի, դուք խոցելի կլինեք այլոց կողմից: Եվ ոչ մի կերպ դա չեք
կարողանա թաքցնել: Այդ ժամանակ կհասկանաք` ով է ձեզ հետ, իսկ ով` ոչ:
Եթե
ձեր բախտը բերի, դուք չեք իմանա հարցերի պատասխանները: Եվ այդ ժամանակ ստիպված
կլինեք ինչ-որ բան ինքնուրույն հայտնագործել:
Եթե
ձեր բախտը բերի, դուք կհիասթափվեք մարդկանցից, գաղափարներից, ուսուցիչներից և բարի
կախարդներից: Եվ անցնելով հիասթափության միջով` կկարողանաք նայել իրական աշխարհին:
Եթե
ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք որևէ մեկը չեք ունենա, ումից
կարելի կլինի խորհուրդ հարցնել, ընդհանրապես` ոչ մեկը: Եվ այդ ժամանակ
ստիպված կլինեք գտնել ձեր ներքին կողմնացույցը:
Եթե
բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին, դուք անտանելի իրավիճակում կլինեք, և
ստիպված կլինեք կամ որևէ բան ձեռնարկել կամ էլ ուղղակի կթուլանաք և աշխարհին թույլ
կտաք, որ ձեզ համար ինչ-որ բան անի:
Եթե
ձեր բախտը բերի, դուք կկորցնեք, կխաբվեք, ձեզ կդավաճանեն և գրեթե բզիկ-բզիկ կանեն:
Այդ ամենը «գրեթե» կդրոշմվի ձեր դեմքին` իմաստության կճիռների տեսքով: Իսկ փորձը
ձեզ հետ կմնա ողջ կյանքի ընթացքում:
Եթե
ձեր բախտը բերի` ձեզ փող չի մնա: Եվ ստիպված կլինեք իրական հարաբերություններ
ունենալ այն անձանց հետ, որոնց նախկինում կարելի էր ուղղակի վճարել:
Եթե
ձեր բախտը բերի, դուք կունենաք շատ մեծ գումարներ: Դուք կընկալեք հիասթափության
խորությունը, երբ խարխլվի պատրանքն առ այն, որ երջանկությունը փողի մեջ է:
Եթե
ձեր բախտը բերի, ոչ բոլորը ձեզ կսիրեն: Եվ դուք ստիպված կլինեք ներքին
արժեհամակարգ ստեղծել: Իսկ բոլորին դուր գալու ցանկությունը բաց կթողնի ձեր
կոկորդը:
Եթե
ձեր բախտը բերի, մտերիմներիցդ մեկնումեկը երես կթեքի քեզնից, և դուք կգնահատեք
երջանիկ պահերի գինը:
Եթե
ձեր բախտը բերի, դուք դեմ առ դեմ կբախվեք ձեր սիրելիներին: Եվ կլինի երկու
ճշմարտություն` նրանցը և քոնը: Եվ դուք կզգաք տարածության զնգոցը, որն առաջանում է
առանձին տիեզերքների թեթևակի շփումից:
Եթե
ձեր բախտը բերի, դուք կարող եք այս ամենին դիմակայել` գտնելով ինքներդ ձեզ
վերափոխելու ճանապարհը:
Ձեր
մեջ զգացեք այն ներքին ալքիմիան, որը ցավից գեղեցկություն է կերտում,
չարությունից` խոնարհություն, վախից` ձեռքբերում, իսկ ուրախությունից`
ոգեշնչող օրինակ: Մեղքը և ամոթը (ինչպես հավաքարարն է ավլում հին աղբը) հոգին
մաքրում է, իսկ սպիներից գոյանում են դռներ…
Եթե
ձեր բախտը բերի և, դա լինի ճիշտ ժամանակին…
***
Բոլոր կարևոր մտքերն ու առօրյա ճշմարտությունները հասանելի են օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր:
Դրանք, որպես տեղեկություններ, թռչում են օդի մեջ և ցանկացած պահի կարող են հայտնվել միայն նրանց մոտ, ովքեր պատրաստ են լինում այն ընդունել:
Անհնար է ուրիշի փոխարեն որևէ տիպի աճ գրանցել: Անհնար է ուրիշի փոխարեն որևէ շարժում անել: Ուրիշի փոխարեն անգամ հոգոց հանել հնարավոր չէ:
Ապրելն ավելի է հեշտանում, երբ դու վերջապես հրաժարվում ես մարդկանց «լավություն անելու» փորձերից: Կյանքը ձեռք է բերում մեկ այլ` միանգամայն փիլիսոփայական իմաստ, երբ դու պատասխան ես տալիս միայն քո փոխարեն: Եվ սկսում ես գնահատել բոլոր այն ինքնուրույն քայլերը, որոնք անում են քո շրջապատում գտնվող մարդիկ: Սա առանձին` քեզանից կախում չունեցող մեծագույն հրաշք է:
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Комментариев нет:
Отправить комментарий