Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Անի Ամսեյան "Ճանապարհ դեպի լռություն" գրքից

 Անի Ամսեյան (1995)

























Երեկ ձյուն եկավ.
առաջին ձյուն` թաց, փափուկ, ճերմակ՝
մեղսավոր քայլերի, չասված բառերի.
այնքան հեռու, որ անիրական թվացող մեր մանկական հուշի վրա,
գարնան, աշնան, ամռան վրա,
թաց, փափուկ, ճերմակ գիշերային լռության
հետ
և այնքան գեղեցիկ,
որ եթե գայիր, բանաստեղծություն կգրեի:
Բայց այսօր ձյունը ցեխ դարձավ.
եվ ինչքան վարար են մայթերը, կտուրները, ծառերն ու ես` ոտքից գլուխ,
այ այդքան ցամաք ու չոր է սիրտս,
ու աչքերս էլ չոր են ու սառը:
Սև սառցե կետեր, ճերմակ-ճերմակ քաղաքի թաց, փափուկ ակնախոռոչում:
Թե հայտնվեինք անցած-գնացած հուշի մեր տանը,
հանդիպեի՜նք, լինեի՜ր,
կասեիր, չէ՞, տա՛տ ջան, կասեի՞ր.
-Բալա՛, սառել են աչքերդ, մարդ կուգա հեռվեն:
Բայց չկաս, տա՛տ, չկա՜ս:
Ու չի ասի ոչ ոք,
ու չի գա էն մեկը,
ու ցեխը ձյուն չի դառնա,
ու չի լինի բանաստեղծություն.
երբեք չի լինի։



***

Քո ալիքները մեռնում են ցամաքին իմ կղզու,
կարմրադեղինով լցվող գիշերս շուտով կավարտվի:
Լուսնի արտացոլանքի միջով
դու սահում ես հանդարտ,
ես հրաժեշտ եմ տալիս ծանոթ-անծանոթ ուրվագծին քո.
հեռացող ոտնաթաթերիդ ամեն հպումով
փակվում են այլևս
երկնքի դռները:
Շրջվի՛ր,
թող մի անգամ էլ շուրթերդ տեսնեմ,
և հայացքիս միջով թող հոսի, հոսի, հոսի
աշխարհն այս…
Հալոցքի մեղեդին
թող ափեափ լցնի ինձ՝ որպես հիշողություն,
որ երբ գնաս ու
մութն իջնի վերջին անգամ,
ցամքած ու փոքրացած
ավազահատիկ մարմինն իմ
հարություն առնի մեն մի բառով քո,
երգով անձայն,
պատկերով անձև,
հպումներիդ երազների փշաքաղությամբ
թող հավատամ մեկ անգամ էլ դեռ՝
ես կղզի եմ եղել՝
մի քանի հպումով
քո ալիքների:


***

Դու ՆԱ ես,
և չկա աստվածաշունչ որ տեղավորի քեզ իր մեջ,
Թե տաճարդ մտնեմ ու ծնկի եկած համբուրեմ քարերը հատակիդ,
չեմ հասնի քեզ:
Դու տիզերքն ես,
Ու քեզնով պիտի վերջանար քաոսը:
Դու բանն ես
և քեզնով պիտի խորշեմ ներսիս լռությունից:
Ասում են պայթյունից ես,
Բայց դրա մասին թող գիտնականները մտածեն…
Ես անգիր եմ անում քեզ,
որ երգեմ գիշերը…
«Գանձ մի դիզեք երկրի վրա»,- ասում էր նա,
Բայց ահա դիզվում ես դու
Եվ չի գայթակղում դրախտը:
Հանձնված ափերիդ՝
մանանեխի հատիկի չափ հավատն եմ:
Ես հիշում եմ քայլերդ փողոցում,
և խնկամանն իզուր է տարուբերվում:
Ես հիշում եմ ձայնդ,
և գարունը կորցնում է գույնը,
և արևը չէր, որ այդքան տաք էր:
Մի՛ նստիր կողքիս ու մի՛ ծիծաղիր,
Աստծո մասին նման բան գրված չէ,
Թող գթասրտությունդ լինի անձրևը,
և բերքիս համար քեզ աղոթեմ,
Ու ներիր մեղքերս,
Որովհետև
Հետո, ինձ այս մեղքիս համար,
չեն ներելու:


***

Մենք կարող էինք տեղափոխել լուսինը,
բայց միայնակ եմ կարճում գիշերը:
Եվ աստղերը այնպե՜ս տխուր են լքում
անբառ երկինքը:
Պառկած ենք կողք կողքի անկողնուն իմ
ես ու սառը աշունը:


***

Գնում էր, ասացի.
– Դուռս միշտ բաց է քո գալուն:
Եվ, իսկապես, երբ եկավ,
բաց էր դուռը՝
փլատակ իմ տան:


***


















Մութս հանգչում է լուսիդ մեջ,
աղմուկը գոլորշիանում է շիկացած լռությունից քո,
կոպերիս տակ բնադրած թռչունները
դեպի քո երկինք են ձգվում.
իմ տարածությունը ավարտվում է
ոտքերիդ տակ…
հազար սարի հետևում ապրող
հազար հավերժություն կքայլեմ դեպի քեզ,
որ մայրամուտս ափիդ ննջի…
թե չգայիր,
կմնայի ծարավ երազին քաղցր…
երկրիս միակ եղանակը ձմեռը կլիներ,
գետ դարձիր, թող լվամ անապատի փոշին երեսիցս…
հուր դարձիր, թող հանգչելուդ հետ մոխիրս խառնվի քոնին…
ծառը լինես այգուս, շուքիդ տակ չվախենամ տապից…
ցորենի արտս լինես ու հաց դառնաս սեղանիս…
գինի լինես, արբենամ անհագ…
անձրևի հետ արի.
կայծակով,
կարկուտ դարձիր,
պոկիր արմատից ինձ,
ճեղքիր հողս դղրդոցով…
ավերակ էլ դառնամ, հոգ չէ…
արի..
Արի ու մի արի
գնա ու մի գնա
ծովս եղիր…
ալիքիդ նստեցրու,
տար…
նավս հատակդ առ…
Եղիր, որ լինեմ…


***


ձեռքդ տարար շուրթերիս,
ես սարսռացի,
հետո
լաց եղա առաջին անգամ այդպես անկեղծ
այն ընկերոջս համար,
որ մեռավ քսանը չբոլորած…
ինչ տխուր է մահը թվում՝
ձեռքերդ ճանաչելուց հետո…
***
Բոլոր թռչունները տաք երկրներ չվեցին
Միայն մեկը հավատաց սրտիս տաքությանը
Ձյունառատ գիշերներում ես կրկնում էի անդադար
-Քիչ մնաց,
Գարուն է գալու
-Ես կերգեմ քեզ համար գարնանը
Ձյունառատ գիշերներում կրկնում էր նա անդադար
Ձյունը չար խաղ էր խաղում
ապրելու համար մենք ավելի ու ավելի էինք գգվում
և այնքան գեղեցիկ էր,
Որ կատարվեց
Որ եկավ գարունը իսկապես
և չեմ հիշում արդեն, մեզ գտավ,
թե՝ ոչ…
 ***
-Ես ինձ շատ սիրողներին չեմ հավատում
նետեցիր երկինք
և կատարվեց կամքը քո տիեզերական
և ոչ ոք լաց չեղավ ամպի համար,
որ սպառվեց հավատալով,
թե մի կաթիլ քեզ կհասնի…

***
Նայեցի կոշիկներիդ.
40 համարի աշխարհ…
երկու ոտնաթաթի տակ…
Աստված իմ ո՞վ է այս կատարյալ համաչափության հեղինակը
***

Ամեն ինչ կանցնի

գոռում էր մեկը ողջ կոկորդով…
Բայց ամեն ինչը մնաց իր տեղում,
հնացած ամանորյա խաղալիքները եղևնուց կախ…
Նույն ցուցափեղկերը,
նույն մարդիկ
կրկնության փողոցներում,
Ու հիմա ինչքան էլ տխուր է,
Վաղը հաստատ էլի արև դուրս կգա.
Հիշեցնելով գարնան գեղեցկության մասին,
Եվ կծաղկի ինչ-որ տեղ ձնծաղիկը դեղին,
Մի ձեռք կհանի ու կբերի նրանց փողոց,
Անխախտ հիացմունքով ես կառնեմ դրանք ափիս մեջ,
Ես կհարցնեմ սովորության համաձայն՝
ինչու՞ այդ ձեռքը ինձ չհանեց հողից
ու չբերեց ձեզ մոտ դեղին ծաղիկներ…
ամեն- ամեն ինչ կկրկնվի հաշտվածությամբ ծերունական,
Եվ երեկոն կլինի իսկապես անկեղծ մնացած ժամերից,
Այո
հին երգի բառերը չեն փոխվում
Ու չեն խաբում ,
Որովհետև ամեն բան մնաց իր տեղում,
իսկ դու քայլում ես հին ու քարացած քաղաքում
առանց կրկնվելու սովորության
Դու անցնում ես հիմա…
Առաջին ու վերջին անգամ
Դու անցնում ես …
և հեռանալուդ հետ ես հավատում եմ, որ այս գոռոցը իսկապես երգ է…
Որը կրկնվելու է միշտ:

***

Բառերի հեղեղում
Երազանք Լռության մասին
Մենք
ամեն ինչի մասին խոսում էինք՝
քաղաքականության,
արվեստի ,
գրքերի,
տնտեսության,
մահվան,
երիտասարդության ,
կենդանիների,
ցավի,
եղանակի,
իրավաբանության,
եվրոպայի…
մենք
մի բանի մասին էինք լռում.
սիրո…
***
Մտացածին պատրանք էր
գարունը
և լռությունը, որ լուսնից էր,
եվ աստղերը,
որ փսփսում էին
երկնքի ունայնության մեջ,
և մեղվի փեթակների պես բուրող աշխարհը,
երբ ձայնդ էի լսում:
Միայն հիմա է ամեն ինչ իրական,
Երբ հեռացել ես:

Комментариев нет:

Отправить комментарий