Որոնել

пятница, 22 июня 2018 г.

Սեսար Վալյեխո. բանաստեղծություններ

Սեսար Վալյեխո (1892 -1938)
























Սև քարը սպիտակի վրա

Կմեռնեմ Փարիզում: Մի տխուր աշուն:
Ես արդեն գիտեմ` անձրև կթափվի
Այսօրվա նման մի ցուրտ հինգշաբթի
Կմեռնեմ Փարիզում – էլ չեմ խուսափի:
Հինգշաբթի մի օր: Այսօրվա պես թաց:
Մենությունս հանկարծ այնպես պարզ տեսա
Անզորությունից ճամպրուկիս վրա
Ձեռքս սարսռաց, թուլացավ, մնաց:
Մեռավ Վալյեխոն: Ու դաժանաբար
Խփեցին դեմքին մոլեգին կրքով
Նրանք` ում անգամ չէր ասել մի բառ,
Խփեցին փայտով, ճիպոտով, ոտքով...
Վկա` անձրևը, վկա է ճամփան
Ու մենությունս` ցուրտ ու անսահման:

***

Հավերժական խաղ

Աստված իմ, ետ առ հացը քո տված
և գոյությունս ետ առ ու օրս:
Ո՜չ, քո կողից չէ թրծած, խմորած
այս խեղճ, մտածող կավի կտորը –
դու մարիամներ չունե՜ս կորցրած:

Աստված իմ, պիտի մարդ լինեիր մի պահ,
նրա պես զգայիր սովը, վիշտ ու մահ,
որ Աստված լինել իմանայիր հիմա:
Բայց դու որ միշտ գոհ ու կուշտ ես եղել,
մարդուն չես դավել –
քո իսկ ստեղծած,
Իսկ մարդը տարել, համբերել է քեզ:
Եվ նա է Աստված:
Այսօր, կախարդված աչքերիս խորքում
մեղանչումի վառ մոմեր կան երկու:
Աստված իմ, վառիր լույսերդ բոլոր,
որ զառ գլորենք նորից երկուսով:
Իսկ երբ, խաղամոլ, աշխարհը տարվես
մահվան աչքերի դատարկ փոսերում
կետեր կփայլեն
ագռավի երկու մեկնոցների պես:
Աստված իմ, այս մութ, խավար գիշերով
խաղալ չես կարող,
մաշվել է զառդ, երկիրն այս, գունդը`
այս ցեխագունդը
շատ խաղացվելուց ու շատ նետվելուց
մաշվել, հնացել, կլորացել է
 ու կպտտվի, էլ կանգ չի առնի...
իսկ թե կանգ առնի,
միայն փոսի մեջ,
դատարկ փոսի մեջ խոր գերեզմանի:

***

Սև մունետիկներ


Կյանքը այնպիսի հարվածներ ունի... Ինչո՞ւ, չգիտե՜մ:
Ատելությունն է կարծես թե Աստծո, որ կուտակվել է
նրա հոգու մեջ, հիմա թափվում է ալիք առ ալիք`
որպես տառապանք... Ինչո՞ւ, չգիտե՜մ:

Քիչ են, բայց թե կան... Փոսեր են փորում
դեմքերին անգութ, ուժեղ մեջքերին:
Կարծես թե վայրագ աթիլլաների ձիերն են սուրում,
կամ էլ այդ մահն է ուղարկել իր սև մունետիկներին:
Եվ Քրիստոսի հոգին էլ ունի խորը անկումներ:
Եվ հավատներ կան, որ պատժված են ճակատագրով:
Իսկ հարվածները... այդ մեր հարցերն են,
որոնք վառվում են փռերի ներսում խուլ ճարճատյունով:
Եվ մարդը... մարդը... Օ՜ խեղճ արարած: 

Աչքերն է շրջում                                                                  
Ինչ-որ մի ձայնից հանկարծ վախեցած:
Եվ ամբողջ կյանքը պատնեշի առաջ լճանում է լուռ,
Ինչպես որ մեղքն է լճանում նրա հայացքում տխուր:
Կյանքը այնպիսի հարվածներ ունի... Ինչո՞ւ, չգիտե՜մ:



























Թարգմանությունը՝ Հովհաննես Գրիգորյանի

Комментариев нет:

Отправить комментарий