Որոնել

суббота, 16 июня 2018 г.

Ելենա Շվարց. "Պետերբուրգյան ցուցափեղկ" շարքից

Ելենա Շվարց (1948-2010 Սանկտ - Պետերբուրգ)

















Արդեն աշուն է Պետերբուրգում:
Սրտի թրթիռով սպասում եմ ոտնաձայնիդ
ու կյանքը յոթ գետերով եռում է իմ մեջ:
Պատշգամբում թողնում եմ հացի փշուրներ ճնճղուկների համար
ու պատկերացնում, թե ինչպես ես գոհունակ գրկում ուսերս:
Անձրևները պատմում են սրտառուչ լեգենդները վերադարձների,
ես նստում եմ բուխարու մոտ և այրում օրացույցի՝
արդեն ապրված օրը:
Մաշկիս տակ հևքն է կապույտ թիթեռների, 
կրակի պարը օձագալար պտտվում է իմ մեջ:
Ես գտա քեզ, երբ ամբողջ աշխարհն իմ ներսում պատ էր:
Ես երբեք չեմ հավատացել երջանկության հեքիաթներին,
որովհետև ուժեղ կանայք հաստատուն ճակատագիր են
և նրանց աշխարհն ավելին է, քան միապաղաղ բթացումը 
երջանիկ ակնթարթի, որ միշտ նույն շապիկով է,
թեպետ... Առավոտյան հեռախոսը զանգեց:
Ինչ-որ մեկը ծանր լռում էր լսափողում:
Ես լսում էի մեղավոր հոգու շշունջը նրա 
և ռեքվիեմը, որ դանդաղ դարսվում էր որմերին իմ տան.
ասա՛, որ դու չէիր...

2
Նոյեմբերը հիվանդ է: Քեզանից չունեմ ոչ մի լուր:
Ես սկսել եմ հասկանալ կրիաներին
և որոշել եմ աճեցնել սեփական պատյանը,
որովհետև եթե անգամ ես փախչեմ նրանից՝
նա ինձ չի լքի...
Չեմ ուզում հավատալ, որ աշխարհում կրկնվում է եզակին:
Գիշերները գլուխս դնում եմ ծնկներին Պետերբուրգի
ու լռում նրա անթաքույց լացը,
գրկում եմ հուսահատ դողն ու հորդորում ուժեղ մնալ, 
պատմում եմ վշտածոր կյանքն աստվածների՝
մատնանշելով, որ այն, ինչ կա՝ գթություն է.
մեկ է, ողջ հոգով լալիս է...
Ոչ մեկին երբեք չեմ խնդրել՝ քեզ աղաչում եմ՝ չգնաս:

3
Մեկնում եմ Բրեստ:
Տխուր է այլևս չթողնել բանալին
մուտքի շորի տակ:
Քո լռությունը իմ դանդաղ մահն էր:
Քամին նավահանգստից լցվում էր մազերիս մեջ
ու շոյում կուչ եկած հիշողությունս:
Ես երազում էի գոնե մի գիշեր գտնել իմ քունը՝
ստվերի տակ լիալուսնի:
Մի հին բարեկամ տեսել էր քեզ 
ցուցափեղկի մոտ մանկական խանութի՝
աչքերումդ աստղեր,
ես ժպտացի, որ պիտի որդի ունենայիր...

Բրեստ եմ մեկնում:
Երևի շատ տխուր է՝ այլևս չթողնել բանալին
մուտքի շորի տակ:
Մարդիկ ասում են՝ կբուժվես, կանցնի, կմոռանաս,
ես՝ պարզաջրում եմ աչքերս
ու ապակիներին նկարում ծաղրածուներ:
Անտանելի ցուրտ է փլուզման վերջալույսը:
Ես ամեն գիշեր բաց աչքերով նույն երազն եմ տեսնում.
բորբոսնած պատերով սենյակ,
կոկորդիս մեջ չորացած փշեր,
աղմկող ջրերին Նևայի՝ արյունոտ խաչս՝
թաշկինակի մեջ քո...
























4
Ես նետեցի սիրտս մամռոտ ջրերի մեջ Նևայի
և ճանկռեցի արյունոտ աչքերը Պետերբուրգի,
երբ դու հեռացար:
Հոգեբուժարանում կտրեցին եղունգներս,
մազերիս մեջ մնաց հիշողությունը քո մասին,
պատերին բորբոսնեց սերը:
Սկզբում ես ամեն օր վիժում էի ցավը
և սգում քո կորուստն իմ մեջ,
գիշերները ճչում էի սուր հոտից ակացիաների՝
սերտաճած ճյուղին վերհուշի,
և աղերսում ձկան հայացքով պահակներին
մի օր պատահական բաց թողնել երկաթե դուռը,
մի օր պատահական քնած մնալ...
Հետո, երբ ցմահ լռել սովորեցի,
երբ կարծրացած ցավը աչքերիս շրջանակում
պատուհան դարձավ,
երբ հեղեղների ամիս սկսվեց Պետերբուրգում,
որ կույր էր՝
ասացին՝ առողջացել է: Բաց թողնել: Հաջո՛րդը:
Ելքի մոտ բախվեցի  աղաղակող հայացքին դալուկ աղջկա
ու մտածեցի՝ փրկված է:
Անծանոթ քաղաքում ինձ թողեցին մենակ 
ու գնացին փրկելու մյուս ավելորդներին:
Մամառոտ ջրերից մի մեծ գետի
հնագետները տանում էին ժանգի մի կտոր.
- Ի՞նչ է սա,-հարցրեցի ես՝ 
բիբերի տեղակ դատարկ խոռոչներով 
ալեհեր մարդուն՝
դիմագծերով ոչ զտարյուն հռոմեացու,
- Տարիներ առաջ առեղծվածային պայմաններում սպանված
տղամարդու դի է, որ սիրտ էր...
Մատներս շոշափեցին կուրծքս:
Նորից հիշեցի դեմքն այն աղջկա,
ով փրկված էր, 
որովհետև ցավում էր դեռ...

5
Առաջին ամառն է հոգեբուժարանից հետո:
Բոլոր կանայք կիսամերկ են,
տղամարդիկ` բացակա:
Ես դուրս եմ գալիս փողոց`
փաթաթված մոխրագույն վերարկուիս մեջ:
Ցուրտը, երբ գալիս է, սարսուռ է բերում մինչև խոց:
Ո՞վ եմ ես:
Կար ժամանակ, երբ աշխարհի բոլոր ծովերն աղմկում էին իմ մեջ
ու ես շռայլորեն բացում էի խեցիս
կրակապաշտների առաջ,
ում մեջ լցվում էի անակնկալ սառը ջրով
և լվանում կենցաղի մեջ ժանգոտած ժպիտների արծաթը,
և փոթորկում միապաղաղության լարին քնած կիրքը:
Այն գիշեր, երբ ես կորցրեցի հավատս`
Վեներան կույս էր:
Սաստիկ անձրևում էր:
Լռության ֆուգան լցվում էր երակներն իմ:
Դուռը թակեցին:
Սև գլխաշորով մի կին արանքից շշնջաց.
- Աննկատ մեռիր: Նրանցից ոչ մեկը չի հավատում Աստծուն:
- Փոխանցեք թելն այս կեչիների արվարձանում ապրող տղամարդուն,-
խնդրեցի ես` դանդաղ պոկելով
պարանոցիս խաչը, -
և ասացեք նրան,
որ ամոթ չէ կախաղանվել ի փառս պատվի:

Առաջին ամառն է հոգեբուժարանից հետո:
Ոչինչ չի փոխվել քո փողոցում:
- Ինչպի՜սի կին ուներ, - փսփսում են հուլիսյան իրիկնամուտի տապով պարուրված հարևանուհիները, -
երրորդ օրը հավաքեց ճամպրուկը, փողոց նետեց նրա սիրելի կատվին
և գնաց ապրելու նոր էջից:
-Իսկ սիրուհի՞ն,- հարցնում է անտեղյակ մեկը, -
հիմա այրի է,- պատասխանում եմ ես`
սեղմելով ափիս մեջ արյունած խաչը:
Ցուրտը, երբ եկավ, լռեցին աշխարհի բոլոր ծովերը իմ մեջ...























Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий