Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Մանե Գրիգորյան. "Ցուրտ Կին" գրքից

Մանե Գրիգորյան












ես չհասկացա քեզ գիշերվա մեջ,
երբ գայլերը ճանկռեցին երեսս,
ու արյունը շիթ-շիթ հոսեց,
ու գարնան ծաղիկները հատ-հատ մեռան
արևի տակ ընկճվեց բառս,
ու բանաստեղծությունը չգտածս աստծո նման էր.
ես վախեցա մոտենալ
գայլերը ճանկռեցին գլուխս,
հարևանի կանայք կարծեցին տղամարդու ձեռքով
թրատված պոռնիկ եմ,
ու գլխիս վերքերը կոկոն վարդեր
հատ-հատ ծաղկեցին,
ու փուշը մխրճվեց մաշկիս տակ խորը
ես չհասկացա քեզ գիշերվա մեջ,
երբ անգղերը կտցահարեցին ձեռքերս,
ու գտածս միակ տունը
լցված էր մարդկանցով ուրիշ
ես չհասկացա քեզ,
թեպետ ամեն անգամ թվում էր՝
անունդ կկանգնեցնի աղմուկս,
հիսուսի պես կկանգնես ջրերիս
ու մոտակա երկնքից աղավնիներ կիջնեն
***


ժաննա դ’արկ
մարմինդ հում-հում տվեցիր կրակին,
քեզնից վախեցավ կարլը՝քո թագավորը,
քեզ ուրացավ կարլը՝քո արքան
վհուկ աղջիկ,
որ ոչ մի թուրմ չգտար
քեզ սպանելու համար
խոցված թռչուն, ժաննա,
որ ձայների մեջ չլսեցիր ձայնը քո,
աչքերիդ մեջ մի-մի թուր խրեցին,
լերդացած արյունը կախվեց կոպերիցդ,
արյունը ծանր ու անբառ թվաց
դահիճի ձեռքը չհասավ,
չոլորեց վիզդ,
աղաղակդ օդում կրակված փամփուշտ թվաց,
հոլի պես չպտտեցրեց մեռնող գլուխդ
ուսերիդ, որոնք նվազ էին քեզ համար
ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու, դ’արկ,
ինչ պարզ էր հայացքդ` լճի պես,
որտեղ խեղդվեց մանուկ ժաննան,
հորդ ու մորդ աչքերի մեջ,
որտեղ խեղդվեց աղջիկ ժաննան՝
բարի աղջիկ դ’արկը,
որ ձեռքերից փշեր էր հանում,
կրակ դառնում դեկտեմբերյան օրերին,
երբ արևը սպանվում էր
դաշտերում ու անտառներում,
ախոռում ու տանը
ու հորդ ձայնի ներքո,
օր օրի վրա, ժամ ժամից հետո
մեռնում էիր դու.
ինչ հիվանդ աղջիկ էիր դու, ժաննա
դու կորցրեցիր հնարավորությունը
դառնալու մայր` նման մորդ,
կողքիդ կլիներ տղամարդը քո՝
կացնահարված փայտի պես կիսատ քեզ համար,
կողքիդ կլինեին երեխաները քո՝
գաճաճ թփերի պես փոքր քեզ համար
դու ընտրեցիր տղամարդկանց քո բաժինը՝
մռնչացող արուներ,
որ զգում էին
պոեզիան մեռնող մարդու պարտությունն է,
ու նրանց չտեսած օրերը ռիթմն էին քո,
որ բարձրանում ու ծածկում էին ականջներդ
ու դու գեղեցիկ ու պարտված տղամարդ էիր,
ժաննա,
ում մարմինը կերան դանդաղ
աստիճանաբար նոսրացող ամբոխի մեջ,
ծափերի ու լացի ներքո
ի վերջո սա հիանալի խաղացված
գործողություն է.
շնչասպառ դողացող ձայնդ
մի վերջին անգամ տարածվեց օդում,
բառերդ գլորվեցին ու գոլորշիացան
հանուն ֆրանսիայի, ժաննա,
հանուն քո թագավոր կարլի,
որ կուլիսների ետևում համբուրում է
ագնեսիձեռքը,
ևաստիճանաբար լղոզվում է պատկերը
մեռնող կույսի
երեկոն հանդարտվում է ֆրանսիայում,
օ, ինչ գեղեցիկ,
ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու, ժաննա
***












բանաստեղծությունն էլ չի գրվի,
որովհետև թագավորի փոքր տղան
դադարել է մտածել՝ ինչ կա 7 սար այն կողմ
քարե արձանների ժամանակն է,
մի քարը մյուսին ես դնում,
մատդ մոտեցնում ես,
քարը ենթարկվում է, փափկում,
ժպիտը պառկում է մարմնին
իսկ ընդհանրապես ասում են՝
քարերը վատ աստվածներ են,
ու որ ինչ-որ տեղ կա ուրիշը՝
ավելի զգայուն,
մեկ-մեկ գլուխն աննշան խոնարհում է,
իսկ ներքևում շուկան է…
ինչ-որ մեծ քաղաքի, ասենք բաղդադի շուկան
աստված սև կետեր է տեսնում,
մտածում է՝ ինչո՞ւ ագռավներին երկիր շպրտեցի,
կկրակեն… չեն դիմանա… ագռավին սիրողն ո՞վ է
մահմեդական կանայք են, տեր,
փեշի տակ մի-մի աստված ունեն,
մութ ու թաքուն անկյուններում անառակներ են,
շուկաներում՝ սևազգեստ կանայք
-մա՞րդ է մեռել,- բան չհասկանալով՝ մրթմրթում է աստված,-
չհաղթահարվող սուգը առաջին մարդու ծնունդն էր
ու ինձ համար բոլորովին օտար տղամարդու խաչվելը, տեր,
մարմնի ամեն քերծվածքը,
ամեն հատիկ բառը,
որ դղրդյունով փուլ եկավ գլխին,
պարտվող հայացքն ու հուդայի համբույրը
բոլորը, լսում ես, առանց իմ կամքի եղավ
ես պատրաստ էի ոտքի տակ տալ երուսաղեմը,
գայթակղել փարիսեցիներին ու մաքսավորներին,
դառնալ մագդաղենացի ու սողոսկել նրանց բնակարանները,
ներթափանցել մարմնի մեջ,
ու ցավի ամեն հրման հետ նվազող ձայնով շշնջալ.
-կուզե՞ս մեղքերդ արյամբ լվացվեն,
սպիտակ մաշկով ու երկար մատներով այն տղամարդու արյամբ,
որ դիվահարին խաղաղություն տվեց ու կույրերին լույս
-մա՞րդ է մեռել,- իբր բան չհասկանալով՝ մրթմրթում է աստված,-
իսկ ինձ թվում էր՝ ոչ մի տերև առանց քո ցանկության չի ընկնում գետնին…
ուրեմն տերևաթափ ես սիրում, տեր,
ուրեմն նաև աշուն… ու ձմռան առաջին օրերն ես սիրում երևի,
երբ ծառերի վրա դողում են մենակ մնացած մի քանի տերև
ուրեմն աշնա՞նը սպանեցիր նրան…
***


Աղջիկ

սադափե մարմնով,
լապտերների պես ճառագող
կրծքով աղջիկ,
շուրջդ ագռավներ են,
իսկ դու ծովի պես ալեկոծ մարմնով,
ալիքդ նետում ես
անհայտության մեջ
շուրջդ կռինչ է,
շուրջդ մի բան կորուստ է հիշեցնում,
իսկ դու ուժեղ կնոջ պես
դիմացդ ես նայում
ներսումդ կրակվածին
չգիտես՝ ինչ ասես,
չգիտես՝ ուր փախչես
բարդի աղջիկ՝
կանաչ սաղարթով,
ներսիդ տարածության մեջ
տերևներ են թափվել,
քեզ լավ նայիր
մենակ աղջիկ
ում էր պետք,
որ սիրուն էիր,
առավոտյան ցողի պես թարմ,
երեկոյան հովի պես..
-ինձ չկարողացան սիրել,-
գիշերվա մեջ սողացին բառերդ,
ու չգիտեի, թե ուր թողնեմ քեզ,
վախենալու չափ կրկնվող իմ հեքիաթ
- ինձ ոչինչ պետք չէ,-
գիշերվա մեջ սողոսկում է
անհայտության ցավը,
ներսդ վառվող փայտի պես ճտճտում է
կանգնած ես
սառած ակնթարթի պես
հիասքանչ ու սարսափելի

***


















քայլ առ քայլ քեզ փնտրելու օրերն էլ եկան,
ես չգիտեի` ինչից սկսել,
ներսս ավարտված հեքիաթ էր,
վերջում կացինավոր տղամարդն էր,
մորուքը խճճվել էր ոտքերի արանքում, 
սափրած գլուխը փայլում էր մեկ օրական 
լուսնի պես

աչքերը լայն բացած կապույտ,
ներսում գայլերի ոհմակ կար

քայլ առ քայլ քեզ փնտրելու օրերն էլ եկան

փայտահատը կացնահարեց դստեր թևերը,
նավապետը ծովը թաքցրեց կնոջից,
նվազ ու տխուր ոտքերս փնտրեցին քեզ ամենուր

կառապանին հարցրեցի.
-ուր է նա
ձին դեղին աչքերով նայեց

տերևաթափ կանանց տեսա, 
շշերի մեջ լող տվող տղամարդկանց վտառներ գտա

ավարտվող սիգարետիս հուսահատությունը վկա,
ոչ ոք անունդ չտվեց

ու միայն մեկը`
առաջ եկած հոնքերի տակ կծկված հայացքով,
ձեռքը թափ տվեց ու հեռացավ

նա գիտեր` Աստված մեռել է

***


Ճապոնացի աղջիկ


աչքերիդ մեջ աճած բարդիները
առյուծի թաթեր ունեն,
կրծքերդ անմխիթար նետված են
մարմնիդ,
կրծքերիդ արանքում Լենոնի սիրտն է

քեզ սիրեցին տղամարդիկ
օտար ափերից,
քեզ խոցեցին ու թալանեցին,
դու նկարեցիր նրան, Յոկո,
ծուռ ու մեծ աչքերով,
ատամները դուրս ցցած մարդակեր,
որ կերավ միայն քեզ,
ու սիրեց միայն քեզ,
ու ատեց ու հրաժարվեց քեզնից

սպիտակ պատերից ներս,
սպիտակ սավանին,
սպիտակ Լենոնը բռնել էր
ճապոնացի ճերմակ չղջիկի ձեռքը,
ու ձեռքը խաղաղությամբ թպրտում էր,
ու ձեռքը խոսում էր կյանքի մասին

դու քո սիրած խաղալիքը,
սրտիդ մեջ ասեղ խրելով,
տվեցիր ուրիշին,
որ հետո հասկանա՝
տերերին չեն լքում

անմխիթար կրծքերով  կին,
լաթի կտորի մեջ սեղմված
ու համակ տխրությամբ լացող
կրծքերով կին,
քո տղան,
քո Ջոնը մեռավ

դու նկարեցիր նրան՝

տաշտի մեջ կուչ եկած
տկլոր Ջոնին,
սպունգը սահեցրիր մարմնի վրայով,
փրփուրի մեջ խեղդվող Ջոնը
տղամարդու աչքեր ուներ,
հասկացար՝մեռնող ու արտասովոր
այս տղամարդը Լենոնն է

ու սիրեցիր նրան ջրի հողող
ու մեռնող մարմնի մեջ

ու հասկացար, Լենոնի թիկունքին խրված,
հինգ փամփուշտից մեկը
դու էիր

կրծքիդ մեջ խլրտաց մարմինը նրա,
կրծքերիդ արանքում նրա սիրտն էր




Комментариев нет:

Отправить комментарий