Որոնել

среда, 20 июня 2018 г.

Սոնա Խաչատրյան. Տար ինձ ֆլամինգոների երկիր

Սոնա Խաչատրյան (1986 Երևան)




















 Ես Երևան եմ կորցրել 

Դու կաս, Երևան, 
սպասիր,գալու եմ համբուրեմ բոլոր 
փողոցներդ թաց, 
մայթերդ ցեխոտ… 
Դու կաս, ես գիտեմ: 
Մի օր պիտի գամ երեսիդ նայեմ, 
ու ինձ ապտակես, որ գնացել եմ… 
Ամեն գիշեր պատշգամբից երևում են քո լույսերը ծայրից ծայր, 
ամեն գիշեր տուն ես կանչում, բայց ո՞նց գամ… 
Գիտե՞ս ինչքան եմ լացել կարոտիցդ հարազատ:
Դու կաս, ես գիտեմ: 
Գալու եմ ընկնեմ մեքենայի տակ, 
որ մի քանի օր գրկումդ մնամ,
վերադառնամ հարազատ փողոց, 
շենքերը կտրեմ, ուսիս հետ դառնամ:
Գալու եմ տանեմ քամիդ վայրենի՝ 
իմ թմրության մեջ թող ինձ արթնացնի,
աղմուկդ լսեմ երաժշտության տեղ, 
ու երանի տամ մուրացկաններին, 
որ քո գրկում են նստում ամեն օր,
պառկեմ խոտերին, զգամ, որ իմն ես. 
ասա, ներել ես ուրացությունս, 
ասա, ես կասեմ, որ ինձ չեմ ների ու ինձ չեմ ներել… 
Հեռվից` այս սպիտակ քարակերտ բանտից, 
թեկուզ պալատից` խավարածի պես` 
հոգեդարձ ինչպես, շունչս բացվում է, 
սիրտս վազում է, երբ մտնում եմ մայրաքաղաք… 

***

 Ես քեզ կսպասեմ

Աստված լինելուց առաջ մարդ լինեիր, 
մարդ լինեիր մի քիչ ու խոստովանեիր՝ սիրել չգիտեմ,
մարդ լինեիր շատ քիչ ու թաքուն ասեիր, 
որ անտարբեր եմ,
մարդ լինեիր շատ քիչ ու էլ չլռեիր:
Ես քեզ կսպասեմ… 
Երբ դու գնում ես ինձանից կորես, 
մինչ անցումներում թող որ մոլորվես՝
աչքիդ սառույցը հետհաշվարկ անի… 
Ես քեզ կսպասեմ:
Մինչ այդ աղջկա հևքը կլռի առաստաղներից, 
կարմիր գինու մեջ հետքդ կկորցնի խեղդվող բալի պես, 
բարակ ոտքերը կփռի վրադ, 
ես քեզ կսպասեմ… 
Երբ աչքերիդ մեջ գրերս ոռնան մենակությունից, 
բեկորդ սառցե յուղով տապակես, 
դատարկ ցուցափեղկիդ փորագրվի` մուտք, 
Ես քեզ կսպասեմ… 
Ես քեզ կսպասեմ, երբ լռությանդ մեջ ուրիշն է լռել, 
ամեն օր գաղտնի փոսս է խորում, 
շքանշանիդ հակառակ կողմում 
կանաչ ագռավը գրերս հերթով թթու է դրել… 
Ես քեզ կսպասեմ:
Երբ վարժ ու սահուն շարժումներիդ վերջ, 
առանց բանակի առաջնորդի պես` 
մենակությունից սովամահ լինես,
քո ձեռքով կերտած անդուռ մատուռի ծխից հալածվես՝
ես քեզ կսպասեմ… 
Երբ ժպիտներով ինձ դատապարտես խավար խռովքի, 
երբ ձյուների մեջ կես լուրջ, կես կատակ շատ խորը թաղես.
ես քեզ կսպասեմ…

***

Տար ինձ ֆլամինգոների երկիր

Տար ինձ ֆլամինգոների երկիրը… 
Տար, ուր գինին քամում են կակաչների թարմ հրճվանքից, 
ու շոգը խմում մայրամուտի դեղին բաժակներով: 
Տար՝ լսելու ավազներին ելած երազահան ծերունու շեկ կիթառը.
բերանի գունավոր շարքով քաղցրածոր, լայն կժպտա, 
խոսք կասի մոտիկ եկած ծիծաղներին,
ծորալով կպատմի մեղրամիսները մոմի ու մոմակալի, 
ուր ալ մոմը վագրի ոտքերով հեղգ կին էր, 
վերջացնում էր մոմակալում՝ թանձր ծխահոտով, 
տնքում էր բաոբաբե սեղանը կաթիլների հոսքացավից 
ու արցունքներն ամոթից վառվում էին հատակներին… 
Տար ինձ ֆլամինգոների երկիրը:
Տար, ուր խանգարված ձիերին օծում են մարտիկ 
և ուղեղը համարում հիվանդության նշան, 
ու մի քիչ հեռու նստիր ինձանից, որ ուշ գնանք:
Դու տեսնո՞ւմ ես մի ոտքի վրա կանգնած վարդագույն ծովը ջրերում՝ 
մեջքները հենած թանաքե ներքնակին, 
որ թափ են տալիս ելակե փետուրները նարնջի մեջ… 
Տար… Կրքոտ խառնաշփոթի կիզակետում՝ 
ծերունու լնդերից փչող հնչյունների ներքո, 
ես կպարեմ ոսկե ավազների արգանդներում, 
ու կզարկվեմ կիսամերկ մարմինների պիրկ ջլերին, 
ֆլամինգոներն երկու լեզվով ինձ ծափ կտան, 
կընծայեն դարչնագույն գլուխս սպիտակ ճեմարանին, 
և շուրթերիս կործկան վարդագույն անմեղություն,
ուր ծովը տաք էր, և մեղքը՝ հևող օազիս… 
Տար ինձ ֆլամինգոների երկիրը… 
Պիտի փրկեմ արև կերած ձկնիկներին սառը ջրից, 
ու բաց թողնեմ մրրկահողմի բաց երախում,
ծերունին կերգի մարմնիս իր ողջ չիմացածը, 
փակ աչքերով կշոշափի, որ չամաչեմ: 
Թողեք գրկեմ ու ջինջ հանգչի առափնյա երգիչը հին,
թող մահ ապրի վառվող դեմքով՝ 
ձեռքը պահած իր կիթառի բոհեմական գիշերներին 
ու համոզված յոթ լարերի մոգակարմիր խրախճանքին…
Թողեք գրկեմ ու հեշտ մարի առափնյա երգիչը իմ՝ 
կարմիր փայլող մեծ աչքերով երակներիս ավյուն տված, 
իր երկրի արևային քրտնահոտը նվեր թողած… 
Տար ինձ ֆլամինգոների երկիրը, տար, 
ու մի քիչ հեռու նստիր ինձանից, որ ուշ շարժվենք...
























***

Երջանկության ուրվական 

Ծովի կապտափայլի մեջ երազներ կային,
թաց երկնքի տակ սպիտակ խաբեություն…
Ճայերը կանգնած ծխում էին ափերին,
խեցիները կապել էին ինձ ծառի տակ,
ունելիով երազները բաց էին թողնում կոկորդս.
գնացի ծառերի տակ դուրս թափեցի…
Առնական մեդուզան ինձ տեսել, ուռել էր:
Ջրի ալիքների մեջ ես հսկա փուշ էի.
պառկեցի ծայրեծայր՝ ոչ մեկը չխեդվեց:
Չգաս…
Ավազների մեջ թավալ եմ տվել,
կերել եմ բռերով՝ լա՜վն էր…
Ավազները ջուր էին, ծովը՝ մայրաքաղաք:
Մի՛…
Ասել են խաբարբզիկ ագռավները՝
կարկուտը թեյի մեջ ես լցնում, խմում:
Քո երջանկությունն իմ խաչի թելից էր:
Լացել եմ…
Ավազները տաք էին:
Ծովն աղի էր, իրենն էի,
վախենալու սուս էր,
լճացել էր խաբեությունը, 
հուն էր փնտրում փրկվելու,
բարի էի՝ նավ էի դարձել,
քշում էի նավահանգիստ, որ փրկեմ…
Խաբել ես:
Սիրել եմ քեզ… Սիրել եմ խաբածդ…
Ծովի խորքը գնացի խեղդվելու`
շպրտվեցի ափ:
Մեդուզայի ոտքը կծել եմ,
սու՛ս… Ձայն չհանեց…
Շոյել եմ շնաձկան բերանը՝
հետ քաշվեց.
մատը դրել էր ականջի մոտ, պտտում էր…
Երեկոյան դևերի հետ պարեցի,
քաղաքավարի ու շատախոս էին:
Ծովի կապույտը խայտառակ կարմիր,
լսու՞մ ես…
Բռիս չափ խոտագույն աչքերը կատարյալ անմեղ.
սիրում եմ քեզ, լսու՞մ ես…
Անձրև եկավ:
Ճահիճների մեջ գորտերը սուլոցի նման անմեղեդի կռռում էին.
արքայադուստր էին փախցրել ընկույզի միջուկով,
մինչև սպիտակ շունն ինձ hետ բերեց:
Քո մեծ աչքերը…
Դու ո՞ր աշխարհից էիր,
անձրևը վայրի խփում էր փայտե տանիքներին,
մոծակներ չկային…
Խաբել ես…
Գիշերվա թաց քրտինքի ներքնաշորում
լացել եմ սրտնեղությունից…
Սիրում եմ քեզ… Լսո՞ւմ ես:
Անձրևը չէր.
արցունքներս էին բարձրացել ճահիճներում,
չորացած գորտերն աղիությունից վայում էին:
Աչքերս փայլում են ցերեկները, որ քեզ ժպտացնեն…
Անձրևը չէր..:

Գիտես, մի՛ արի, ծովը սակարկող չէր.
չէ՛… Չէ՛... Չէր խշշում՝ 
ափերին ամեն տեսակ
երջանկության խանութներ ուներ,
ես փող չունեի… Ես չէի հավատում…

***


















Նոյեմբերյան շոշափումներ 

Այո, սիրում եմ… 
Oրերը ճաքած, թաց երկնակապույտ, 
գետինները թեք, գոլով ծանրացած, 
արևը աշնան՝ սարդոստայնի մեջ, 
օդերը ճեղքող թափանցիկ թռչուն… 

Այո, սիրում եմ… 
Քեզնից մտածել ես ինձ արգելել
ու հետո խղճալ աղավնիներին, 
ծխոտ փողոցում միջանցիկ հետքեր, 
մեքենան շարժվեց ու հետ սլացավ… 

Այո,սիրում եմ… 
Վիզս երկարել հողոտ խոհերին անսահմանության, 
խամրած ժպիտում տիեզերքներ թելել, 
կեսից գնացքը հատ-հատ կծկվեց՝ 
որպես ծերունի անհիշողություն… 

Այո, սիրում եմ… 
Նոթագրել հոգուս վախկոտ սպասումին, 
որ քեզ չեմ սիրում:
Արևը սպիտակ փառակալման մեջ բաց դեղին քնեց,
շուտով ձմեռ է… Դու նորից լուռ ես… 

***

 Կարոտելուց շատ ապրել եմ ուզում 

Մտատանջության տարակույսներում կոչեցի քեզ հրեշ` վրադ մեծ եկավ…Շնորհապարգև արև կոչեցի` հետ-հետ գնալով ամուր մայր մտար:
Անուշահոտ յուղերով մարմինդ եկա անմահացնելու՝ խոցեցիր. 
-Յուղի մեջ ճպճպում են մատներդ:
Ու մինչ դու կգայիր՝ ժպիտիս կայծից շատերը կորան, 
ձեռքիս մերժումից խոնարհ, հպատակ փռվեցին գետնին, 
մեռան անպատասխան մեծ հիացումից՝ 
դառնաղի թափված նզովքով վերջին… 
Դու դարձար բազում իմ խայթվածների բռունցքը վառվող, գինը զոհերիս…
Սիրո տիրուհուն վարսերից բռնած քարշ տվիր գետնին, 
Արյունլվա մարմինս լուսե` կապկապված արհամարհանքիդ լռության բովում, 
կսկծալի կոծով` տագնապների մեջ, 
մորմոքում եմ դաշտերում հեռու, 
համբույրի տեղակ շպրտեցիր աքցանված
փոքրիկ, չինական բարև, 
և կապարի պես կրկնակի կնքված` գարշ ցտեսություն… 
Մի ամբողջական լեգենդ գրեցիր խուսափումների, 
երբ սկզբի էջում պետք է մակագրեիր մեկ տողի մեջ փառավոր նստած` 
ես քեզ չեմ սիրում… 
Եվ մինչև ու՞ր ճերմակ մարմինս տատասկների մեջ հոշոտես պիտի, 
երբ ստրկուհիդ լեգենդար կրակը բերանից հոսել չի դադարելու.
գանակոծությամբ միտքս չկաղեց, 
ցմահ բանտարկված սերս բերանիցս վեր գալ չզորեց. 
քոնն են ձեռքերս, սիրտս, շուրթերս,
գիշերային ցնցումների արցունք կուլ տվող սրսփումներս… 
Արի, ջնջիր, սրբիր վարակված հոգիս շուրթերիդ հակաթույնով.
կարոտ մնալուց ավել ապրել եմ ուզում… Քեզնո՜վ… 























***

 Փախուստ  

Սիրտս չոքեց պատի վերջում, 
հոգիս նռռաց վերջին շնչում` 
սիրում եմ քեզ…
Եվ՛ մեղավոր, և՛ բանտարկված, և՛ բարկացած, և՛ բախտավոր, 
քեզնից խռով, ինձնից թաքուն, և՛ անխրատ, և՛ անկատակ,
չհասկացող, անհամեմատ, ու անիմաստ՝ 
սիրում եմ քեզ… 
Խելացնոր, գողի նման անհրավեր, 
դողդողալով, ահը սրտում հեռանալով, 
ու քեզանով գրպանս լի, խանգարումով, քեզնով հիվանդ, 
հանցանքի մեջ բռնվելով, գանահարված, կապտուկներով, 
անբուժելի վարակումով, ապաքինման սուտ հնարքով… 
Սիրում եմ քեզ… 
Աննահատակ, նույն մեծ սիրով, գետի նման, 
անհասկացող, ու վարարած, ափերից դուրս, գազանացած… 
Տուժված, խեղված գերու նման, մթության մեջ խարխափելով, 
ահագնացող ջրվեժի պես, աղմուկն ահեղ լռեցնելու միտումներով, 
սովալլուկ սպասումներով, գիշերային խաբկանքներով, 
կարոտներով` խաչափայտին, հողը վրաս, առանց անդորր, 
արնաշաղախ ածուխի պես, ու դառնացած սպիտակ քաթան… 
Սիրում եմ քեզ… 
Անձայն, անքեն հարցականով, 
ու անպաշտպան, ջրահարսի անրջանքով, 
ցախավելի համբերությամբ, անբնական վարդի նման, 
լրիվ անձայն ուրացությամբ, տխրահռչակ գիտակցումով, 
որ իմը չես, դու իմը չես, ու չես լինի, ու չես լինի գիշերազարկս… …
Մեր մեջ միայն ահռելի մեծ ու ահավոր
վառված դրախտ, մառախլապատ փշալարեր, 
անհնարին տարածություն. դու իմը չես…


***

Արյուն կարտասվեն 

Աղջկա կարմիր շրթունքներն ատամներիդ տակ, 
ու խճճված մոլուցքների ժայթքումիդ պահին, 
հանկարծ խոսքերս շարժումներիդ մեջ կմնան բկիդ, 
ձեռքերի դողն օտար կրծքերին կդառնա անհամ… 
Ցանցե աստղերի կիսալուսնաձև փնտրտուքի մեջ, 
գիշերը դարձած երկու զույգ աչքեր, 
անքեն ժպիտով քեզ կխորտակեն թախծե միժի մեջ… 
Ափսոսանքը նեղ խեղդող կվայի բկիդ խոր անցքից, 
ու այդ աղջկան անշունչ իրի պես՝ 
հեռվից կնետես խաղալիքներիդ փայտե տուփի մեջ… 
Աչքերիս կարմիր երակների մանրիկ գծերի շարքից հալածված՝ 
գոլ խավարի մեջ կվազես դողով… 
Խոսքերս բոլոր ականջներիդ մեջ կդառնան աղմուկ… 
Նավակդ նստած` ծխամած թանձրությունների ծով փրփուրներում 
ոչ մի հանգրվան, կցցվեն միայն մամռոտ շիրիմներ՝ 
ընկած արդեն երկու դար առաջ՝ կիսավեր ելած… 
Ձեռնունայն, դատարկ, սարսափների վերջ լրիվ կիսամեռ՝ 
լույս առավոտին կնայես երկինք, զսպակյաց, 
լռին կացությանդ մեջ առաջին անգամ՝ 
թողնելով հեռու կերպարանքը հին, 
ըղձակաթ աչքերից չարաչար ճնշված` 
հոգիդ կպատի տարակուսանքի դեղին տագնապներ. 
վերևում երկու սևակնած աչքեր` 
Աստվածամոր լուռ համբերությամբ արյուն կարտասվեն` 
պատմելով անբժշկությունը հուսալքվածիս… 
Աչքերս ընդմիշտ կմնան բկիդ...

***

 Անհալ հրեշ 

Ավելի շուտ Մասիսի ծերպերին ընկած արևի ցոլքերը ջուր կդառնան
քան դարավոր սառույցներդ կհալվեն. անհալ մնացիր, հրե՛շ… 
Ավելի շուտ կապած կովը ծառը կուտի, քան ծառը կով կդառնա
չժպտացիր ինձ, հրե՛շ… 
Ավելի շուտԱվելի շուտ… 
Ժամանակից ավելի շուտ սպանեցիր ինձ, հրե՛շ



2 комментария: