Որոնել

воскресенье, 24 июня 2018 г.

Էդուարդ Հարենց. բանաստեղծություններ

Էդուարդ Հարենց (1981)














Կահիրե
Իսկ դու կի΄ն ես,քաղա΄ք,-
բուրգե ստինքներով,
Հազարամյակների ողնաշարին թիկնած:
Կորագմբեթ` ինչպես մահմեդական կեսօր,
Չադրայավոր` որպես Իբնա-լ-Կուլսումի ձայն,
Թվարկությունների ջարդված հայելու մեջ,-
Երազում ես` որպես վերջին հիերոգլիֆ:
Դու հմայքներ ունես,քաղա΄ք,-
արաբական գիշերների նման կլոր,
Թուխ ժպիտներ ունես խալե`
բուրգերի չափ եգիպտացի:
Դու,որ ամեն օրվա երկու երրորդը անց,
Նարգիլեի ծխից բարակ կոկորդիդ մեջ,
Ղուրանի թջերի քանակով ու հերթով`
Օրորոցային երգի պես
Աճեցնում ես Ֆեյրուզ ծաղիկ,-
Դու իրավունք չունե΄ս կիսազգեստներ հագած`
Տնից ելնել փողոց,կամ էլ քայլել տան մեջ:
Եվ մանավանդ` պառկե΄լ
հարյուրամյակների կողոսկրերի վրա`
Տիեզերքին ի տես:
Դու իրավունք չունե΄ս:
Բայց հեչ պետքդ էլ չէ΄,
Որ դարերի քամին
Մինի փեշիդ տակից
Սերունդնե΄ր է քամում`
Բյուր խալերից կոնքիդ…
Դու հանգի՜ստ ես այնպես,
Հանդա՜րտ,ինչպես մումիա΄ն,
որից երեկոյան
Պիտի արյուն վերցնեն ԴՆԹ-ի համար…
Եվ դեռ չե΄ս էլ շիկնում
քո ճերմակ ու կապույտ սրունքների համար:
Սրունքների΄դ համար,ուր նստվածք է տալիս
Հավերժության գինին`
օձապարի΄ պես
այն`
պապիրուսի աղջկա…
***
Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի…
Հիմա երանգն  ավելին է, քան ձայնը…
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներից քա՜նի ոտնահետք է ճաքել…
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի’ ավարտվում,
Որովհետև չի’ գունավորվում բառով…
Իսկ հիմա
Գլխավոր գույնը այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է…
Որ մուսաները կին չեն դառնում…
***
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետև այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսե´լ էր Հանճարը:
Ալ-Մա’արին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլևս
Աչքերն այնքան էլ կարևոր չէին:
Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի
Նա դեռ չի´ էլ մեռել:
Ես մարդկանց ձախո´վ եմ բարևում,
Որովհետև
Աջով արդեն բարևե´լ էմ Աստծուն…
***












Ես քեզ հիշում եմ,-
և գամերն ավելի′ խորն են զբոսնում,-
անունիդ միջով…
Ես քեզ հիշում եմ,-
և վարդի փոխարեն նրա ստվերն է աճում,-
մարգերում Կույսի համաստեղության…
Ես քեզ հիշում եմ,-
և սուզվում է շախմատիս Տապանը,-
Էշը Տապանում էր…
Չէ՞ որ սիրում ես ինձ:
Ուրեմն` հիշի′ր…
***
Չնայած
Օրը թաց է, ինչպես մի դուռ,
որով
ինձնից քեզ եմ մտնում`
մեջքով
դարձած աղմուկի դեմ,-
եկեղեցուց դուրս գալու պես…
Հույսի սկիհներն, ինձնով հարբած,
սայթաքում են ծաղկիս ետև,
և շյուղ առ շյուղ
խոնարհվում է մեջքս պայծառ`
շեմիդ անդեմ ածանցներին…
Եվ դու հանկարծ…
չնայելով դու տեսնում ես,
որ ես քեզնից փուլ եմ գալիս,
ու ձեռքերդ չկան,
որոնք
պիտի մեջքս ընդգրկեին…
Ձեռքերդ մնացել են եկեղեցում
աղոթելու`
ինձ գրկելու ըղձականով…
***
Լուսնի անկյունը բարդ է
ու պայծառ`
դողէրոցքի պես…
Գիշերը գետ է`
աստղի երանգից կո՜ւյր շարահյուսվող…
Հյուսքերից կախված`
կոտորակվում է երկինքը վարդգես`
շուրթից արտածվող աստծո
դողի պես…
Սուր կատատոնիա` յոթ թռչուններով…
Ժամերը թռչնիդ փոշոտումներն են`
ծաղկիս երազում…
Դու նորից
չես եկել սիրտս,
զի այն կողպել ես անվանդ տառով…
Թռչնիս անկյան տակ
արցունքը դուռ է…
Ես քեզնից ներս եմ,
դու քեզնից չկաս…
***








Բոլոր իմ բացակա վայրերում
քեզնից սերմանում եմ
լռակյացությունս…
Բայց ո՞վ կետադրեց
խոսքիս բուրմունքների միջև…
Սպիներ բացարձակ`
արթուն երազի ճակատից ի ներս…
Երբ որ արյունս ցանկաս
թարգմանել,
բանաստեղծություններիցս հավաքի՛ր
Հոբի քարերը…
Դրանք գաղտնի բջիջներն են
որդուդ
բոլորագիր թախծի…
***
Բանաստեղծությո´ւն,
կուրծքդ թաքցրո´ւ
ուղղահայաց
և բութանկյուն լեշերից,-
հոտը օդակաթիլային հիվանդություն է…

***

Մագդաղինե

Ետ տուր քարերը,
որ նետեցի քեզ վրա.
ննջարանիս պատերի մեջ անցքեր կան
թափուր...

***

Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ:
Քանզի
այս էլ քանի՜ տարի է, որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…

***

Ամառները` փլվող շիկնանք,
Ինչպես թաղանթները
Ռոդենյան ՙԴանայուհու՚ գլխուղեղի…
Աշունները` բախտից հոգնածորե՜ն փնթի,
Իրենք իրենց երանգից դուրս`
Ոնց բարոկկո ոճով ճղված`
նկարչուհու կրծկալ…
Ձմեռները` պտղաջրեր առաջ`
Հրեշտակի կանաչ երազների միջից
Ինքնահերքվող վարսանդների
Սփրթնած տևողություն…
Բայց դեռ գարո՜ւնն եմ ես
Անփոխադարձ սիրո…


Комментариев нет:

Отправить комментарий